Foto

Իշխանություններին ձեռնտու հերթական աչքկապոցին

Ըստ մի շարք տնտեսագետների և ընդհանուր տնտեսական դաշտի ուսումնասիրությունների՝ Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գումարների շարժն ակտիվացել է, սակայն դրանից մեր քաղաքացիները գրեթե ոչինչ չեն շահել։ Ավելին, անգամ նրանց եկամուտները դրանից չեն ավելացել։ Իրականում մասնավոր տրանսֆերտներն ավելացել են ՌԴ քաղաքացիների կողմից իրենց փոխանցված գումարների հաշվին։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո եկել են Հայաստան, հաստատվել կամ չեն հաստատվել Հայաստանում, բայց բանկային փոխանցումների միջոցով գումարներ են տեղափոխել։ Հենց այս ամենի արդյունքում էլ ավելացել են Ռուսաստանից ուղարկված ֆինանսական հոսքերը։ Այն պարագայում, որ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տեղական ֆինանսական կազմակերպություններն այս տարի Հայաստան ուղարկվող գումարների բավական կտրուկ անկում են կանխատեսել՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության և կիրառվող պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի ու համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող բացասական դրսևորումների հետ։

Հավելենք նաև, որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների կրճատումը Կենտրոնական բանկը գնահատել է 19 տոկոսի սահմաններում։ Ավելի հոռետեսական կարծիք է հայտնել Համաշխարհային բանկը. ըստ այդ կանխատեսումների՝ տրանսֆերտները կնվազեն 20 տոկոսով։ Ռուսաստանի պարագայում մասնավոր փոխանցումների նվազումը գնահատվում է 40 տոկոսի սահմաններում։ Չնայած այսպիսի կանխատեսումներին, ռուս-ուկրաինական հակամարտության առաջին փուլում Հայաստան մտնող տրանսֆերտները ոչ միայն չեն կրճատվել, այլև ավելացել են, այդ թվում՝ նաև ՌԴ-ից ի դեպ՝ տրանսֆերտներն ավելացել են թե՛ փետրվարին, թե՛ մարտին։

Մասնավորաբար, մարտին աճը շատ ավելի կտրուկ է եղել։ Սիայն բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ստացվել է շուրջ 116 մլն դոլար, փետրվարի համեմատ՝ ավելի են եղել 33 միլիոնով։ Կանխատեսումների համեմատ այս «շեղումը» մասնագետները բացատրում են Ռուսաստանից Հայաստան տեղափոխված քաղաքացիների մեծ հոսքով։ Տարբեր գնահատումներով՝ պատերազմից հետո ՌԴ-ից Հայաստան է եկել 75-80 հազար քաղաքացի։

Ի դեպ՝ այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել շուրջ 239 մլն դոլար, եթե համեմատենք նախորդ տարվա 154 միլիոնի հետ, ապա ավելացումը կկազմի 85 միլիոն,  կամ որ նույնն է՝ 55 տոկոս։ Այսպիսի աճի արդյունքում Ռուսաստանի մասնաբաժինը տրանսֆերտների մեջ կրկին ավելացել է՝ նախորդ տարվա 38-ից հասնելով 42 տոկոսի։ Ռուսաստանից մտնող տրանսֆերտների այս աճը, իհարկե, ձեռնտու է մեր տնտեսության համար, բայց դրանից մեր քաղաքացիները չեն շահել։ Տրանսֆերտների տեսքով ստացվող նրանց եկամուտները նույնիսկ կրճատվել են։ Եվ դա տեղի է ունեցել նախորդ և այս տարվա բարձր գնաճի պայմաններում։

Եթե ավելի անկեղծ, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների աճը կապված է այդ երկրից Հայաստան տեղափոխված քաղաքացիների փոխանցումների հետ, առայժմ մեծ հարց է, թե առաջիկայում ֆինանսական միջոցների այս շարժերն ինչպես կդրսևորվեն։ Հատկապես որ, շատ դեպքերում դեռ պարզ չէ դրանց նպատակը։ Պատահական չէ, որ ռուսական շուկայի տրանսֆերտների ակտիվ տեղաշարժը տեղի է ունեցել ոչ միայն մուտքերի, այլև ելքերի առումով։ Միաժամանակ կարևոր է փաստել նաև այն, որ այս նույն ընթացքում Հայաստանից ևս քիչ գումարներ չեն գնացել Ռուսաստան։ Միայն մարտին՝ 64 մլն դոլար։ Փետրվարի համեմատ՝ սա ավելի է 27 միլիոնով։ Նախորդ տարվա մարտին էլ ֆինանսական միջոցների արտահոսքը Ռուսաստան կազմել էր 37 մլն դոլար։  Դրանից բացի՝ երեք ամսում բանկային համակարգով Հայաստանից Ռուսաստան է գնացել շուրջ 124 մլն դոլար՝ անցած տարվա 86 միլիոնի փոխարեն։ Մարտին նկատված աշխույժ արտահոսքը կարող էր պայմանավորված լինել Հայաստան տեղափոխված գումարների փոխարկմամբ և վերարտահանմամբ։

Ըստ էության, ռուբլու արժեզրկման շրջանում այս առումով որոշակի շարժեր նկատվեցին, ինչը հանգեցրեց Հայաստանում դոլարի պահանջարկի ավելացման և դրամի դիրքերի արժեզրկման։ Հետագայում, իհարկե, այդ միտումը կանգ առավ։ Դոլարի և մյուս արժույթների նկատմամբ արժևորվեց՝ ինչպես դրամը, այնպես էլ՝ ռուբլին (փաստենք, որ այսօր էլ շարունակում են արժևորված մնալ)։ Ռուբլու արժևորումը կարևորվում է նրանով, որ այն էական դեր ունի հետագա տրանսֆերտային հոսքերի համար։ Դա թույլ տվեց, որպեսզի մեր քաղաքացիների մի մասը մեկնի Ռուսաստան արտագնա աշխատանքի։

Ամփոփելով արձանագրենք հետևյալը գաղտնիք չէ, որ ՌԴ տնտեսությունը բախվել է բավական լուրջ դժվարությունների, որոնք չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ այստեղ աշխատանք փնտրող մեր քաղաքացիների եկամուտների վրա։ Բայց տնտեսական իրավիճակից թելադրված ազդեցությունը Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների վրա առավել տեսանելի կարող է լինել հետագայում, երբ վերադառնան նաև Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիները, ովքեր դարձել են վերջին ամիսներին տրանսֆերտային հոսքերի աճի ապահովման հիմնական գործոնը։

Արմեն Հովասափյան