Ինչպես հայտնի է՝ օրերս
Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման
շուրջ բանակցությունները սկսվել են, նա նաև ընդգծել է, որ առաջիկայում լավ արդյունքներ
են լինելու։ Նախարարը հավաստիացրել է, որ Իրանը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան
փոխադրել «սվոփ» համակարգի միջոցով: Ընթերցողի համար հավելեմ, որ «սվոփը» մի համակարգ
է, երբ օրինակ Իրանն իր սահմանին ստանում է թուրքմենական գազը, իսկ Հայաստանի սահմանին
մատակարարում է իրանականը։
Ըստ էության, սա համագործակցության
մի ձև է, որի վերաբերյալ խոսակցությունները շատ վաղուց են սկսվել։ Բանակցություններ
բազմիցս վարվել են, բայց, տարբեր պատճառներով, դրանք վերջնական արդյունքի չեն հանգեցրել։
Թե իրականում ի՞նչ կլինի այս անգամ, ցույց կտա ժամանակը։ Չնայած Օջինի լավատեսությանը,
դեռ վաղ է ասել, թե ի վերջո բանակցություններն ինչպես կավարտվեն։ Նշենք, որ մեկ անգամ
չէ, որ դրանք շատ մոտ են եղել հանգուցալուծման, սակայն վերջին պահին գործարքը չի կայացել։
Ինչպես հայտնի է՝ թուրքմենական
գազը սովորաբար ավելի էժան է, բայց արդյո՞ք այնքան էժան, որ կարող է փոխարինել ռուսականին։
Հայաստանը ռուսական գազը ստանում է արտոնյալ պայմաններով, որի արդյունքում գինը անհամեմատ
ավելի մատչելի է։ Վերջին վերանայումներից հետո այն կազմում է հազար խորանարդ մետրի
դիմաց 165 դոլար, որի վրա ավելանում է նաև կալորիականության գինը՝ ևս 10 դոլար։ Ստացվում
է 175 դոլար։ Իրանական գազը, որը մատակարարվում է տարածաշրջանի երկրներին, սրանից առնվազն
կրկնակի թանկ է։ Դրա համար էլ, չնայած այս թեմայի շուրջ տարիներ շարունակ շահարկումներ
են եղել, Հայաստանն իրանական գազ չի գնել։
Գուցե քչերը կհիշեն, բայց
ժամանակին այս թեման շահարկողներից մեկը եղել է հենց Նիկոլ Փաշինյանը։ Բայց նրա իշխանության
գալուց հետո էլ, ինչպես հայտնի է, որ Հայաստանը Իրանից գազ չգնեց, չի գնում նաև հիմա,
որովհետև ինչպես նախկինում, այնպես էլ այժմ այն անհամեմատ ավելի թանկ է, քան ռուսական
գազը։
Գաղտնիք չէ, որ Հայաստանը Իրանից գազ ստանում
է, սակայն բացառապես փոխանակման նպատակով՝ գազի դիմաց մատակարարելով էլեկտրաէներգիա։
Այս համակարգը գործում է դեռևս 2010-ից։ Ծրագրի շրջանակներում ստացված իրանական գազի
1 խորանարդի դիմաց հետ ենք վերադարձնում 3 կիլովատ հոսանք։ Այս պայմանավորվածության
ժամկետը մոտենում է ավարտին, ու հիմա քննարկվում է նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Իրանական կողմը որոշակի վերապահումներ ունի նախկինում գործող պայմանավորվածությունների
հետ կապված։ Ուստի՝ մտադիր է նոր պայմանագրով ավելացնել գազի դիմաց մատակարարվող էլեկտրաէներգիայի
քանակը։
Ըստ էության, եթե փոխվի
գազ-էլեկտրաէներգիա գործող հարաբերակցությունն այնպես, ինչպես ակնկալում է իրանական
կողմը, դա չի բխելու Հայաստանի շահերից։ Քանի որ, ինչքան ավել լինի մատակարարված գազի
դիմաց վճարվող էլէներգիան, այնքան նվազում է գործարքի արդյունավետությունը։ Միակ առավելությունն
այն է, որ հետագայում այն ընդլայնվելու է։ Թեև վաղուց արդեն պիտի ընդլայնված լիներ,
եթե գործարկվեր Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը։ Այն թույլ
կտար եռապատկել Իրանի հետ էներգափոխանակման ծավալը, դրա դիմաց կավելանար նաև Իրանից
գազի ներմուծումը։ Նշենք, որ սա վաղուց ձեռք բերված համաձայնություն է, սակայն անընդհատ
հետաձգվում է՝ երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ուշացումների հետևանքով։ Այն շահագործման
պիտի հանձնվեր դեռևս 2019թ., բայց մինչև հիմա կիսատ է։ Հավելենք, որ ծրագիրը նախկինում
էլ դանդաղ էր ընթանում, իսկ ՀՀ-ում իշխանազավթումից հետո ընդհանրապես դանդաղեց։
Արձանագրենք, որ վերջին տարիներին հայ-իրանական ծրագրերը շատ պասիվ
են։ Խոսքը ոչ միայն էներգետիկ, այլև այլ տնտեսական ծրագրերի մասին է։ Էներգետիկայում
կան նախկինից մնացած մի շարք ծրագրեր, որոնց իրականացման մասին արդեն նույնիսկ անիմաստ
է խոսելը։ Ի դեպ՝ դրանք այլևս իրականանալու հեռանկար չունեն։ Ժամանակին թվում էր, թե
շատ մոտ է Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագիրը, սակայն անցել է 4 տարի,
բայց հեռանկարում այդպես էլ ոչինչ չկա։
Վերջին շրջանում կրկին
ակտիվացել են խոսակցությունները՝ հայ-իրանական համագործակցության ընդլայնման, այդ թվում՝ Իրանի միջոցով թուրքմենական
գազը Հայաստան հասցնելու վերաբերյալ։ Բայց դա կարող է լինել այն պարագայում, եթե թուրքմենական
գազի գինն ավելի մատչելի լինի, քան ռուսականը։ Այլապես այդպիսի գործարքը, առնվազն տնտեսական
ու ֆինանսական առումով տրամաբանություն չի ունենա։
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի
ներքին սպառումը նստած է բացառապես ռուսական գազի վրա։ Արդյո՞ք թուրքմենական գազի
ներմուծումը, եթե իրականանա, գալիս է փոխարինելու ռուսական գազին, թե՞ պարզապես գործ
ունենք գազ-էլեկտրաէներգիա փոխանակումների շրջանակներում իրանականի փոխարեն թուրքմենական
գազի օգտագործման հետ, և դա ոչ թե Հայաստանի, այլ Իրանի նախաձեռնությունն է։ Այս հարցի
պատասխանն առայժմ անհայտ է։ Նշենք, որ կառավարությունը չի շտապում մեկնաբանել Թուրքմենստանից
Հայաստան գազ տեղափոխելու վերաբերյալ Իրանի նավթի նախարարի հայտարարությունը։
Արմեն Հովասափյան









