Foto

Պարադոքսների ու նոնսենսների հերթական շքերթը

Հետևելով ՀՀ տնտեսական գործընթացներին՝ վստահաբար կարող ենք արձանագրել, որ մեր երկրի տնտեսության զարգացումները շեղվել են իրական տնտեսական օրինաչափությունների տրամաբանությունից։ Մինչ համաշխարհային տնտեսությունը ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով բախվել է լուրջ դժվարությունների, կորցնելով աճի հեռանկարները, ՀՀ  տնտեսությունը պարզապես «հրաշքներ» է գործում։

Օրերս, Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ ապրիլի օպերատիվ ցուցանիշների հրապարակումից հետո, Վահան Քերոբյանը գրել էր. «2022 թվականի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 108,8 տոկոս, իսկ հունվար-ապրիլը՝ 109,4 տոկոս: Հարկ է նշել, որ մարտ ամսվա 106,7 տոկոսից հետո տնտեսական աճն արագացել է»։

Ըստ էության, պաշտոնական տվյալներով, իսկապես ապրիլին, նախորդ ամսվա համեմատ՝ Հայաստանի տնտեսության ակտիվությունն արագացել է։ Թեև 4 ամիսների արդյունքներով, տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակել է նվազել։ Այսպես, եթե հունվարին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում նախնական տվյալներով 15,4 տոկոս է, ապա արդեն հունվար-փետրվարին իջավ 12 տոկոսի։ Հունվար-մարտին տնտեսական ակտիվության աճը կազմեց 9,6 տոկոս։

Գաղտնիք չէ, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից ու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից հետո համաշխարհային տնտեսության զարգացումների տեմպն ընկել է։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունները լավ ապագա չեն կանխատեսում համաշխարհային տնտեսության համար, իրար հերթ չտալով՝ նվազեցնում են տնտեսական աճի ակնկալիքները։ Ի դեպ՝ նվազեցրել են նաև ՀՀ տնտեսության աճի կանխատեսումները. նախորդ կանխատեսումների համեմատ՝ առնվազն 2-3 անգամով։ Ինչպես տեսնում ենք, պաշտոնական վիճակագրության արձանագրումները ոչ մի կերպ չեն տեղավորվում տնտեսական օրինաչափությունների տրամաբանության ու ներկայացված կանխատեսումների մեջ։

Այնուհանդերձ, չնայած հակամարտությունից ու պատժամիջոցներից հետո համաշխարհային և հատկապես հիմնական գործընկեր երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի տնտեսության մեջ ծագած խնդիրներին, Հայաստանի տնտեսական ակտիվության աճն ապրիլին մարտի համեմատ մի բան էլ ավելացել է, ավելացել է նաև արտաքին առևտրի շրջանառությունը։ Խոսքը՝ ինչպես ներմուծման, այնպես էլ՝ արտահանման մասին է. ներմուծումն աճել է ավելի քան 24 տոկոսով, իսկ արտահանման աճը հասել է 19,8 տոկոսի։

Ի դեպ՝ որքան էլ կարող է տարօրինակ լինել, դա տեղի է ունեցել Վերին Լարսի անցակետում ստեղծված խցանումների պայմաններում։ Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ կա այս խնդիրը։ Հայկական բեռնափոխադրողները բախվել են լուրջ դժվարությունների, շաբաթներով չեն կարողանում հատել սահմանը, փչանում ու որակազրկվում է տեղափոխվող բեռը, բայց պարզվում է՝ նույնիսկ դա չի խանգարել, որ մեր արտահանումը գրեթե 20 տոկոսանոց աճ արձանագրի, իսկ ներմուծումը՝ ավելի քան 24 տոկոսանոց։ Ստացվում է, որ Լարսում ի հայտ եկած դժվարությունները մի բան էլ նպաստել են բեռնափոխադրումների ավելացմանը, թեև թվում էր, թե հակառակը պիտի լիներ։

Ինչպես հայտնի է Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության հիմնական մասն իրականացվում է հենց Վերին Լարսով։ Մի օրինաչափություն ևս. հայտնի է, որ արտահանումն ուղիղ կապ ունի ազգային արժույթի վարքագծի հետ։ Ազգային արժույթի ամրապնդումը խնդիրներ է ստեղծում տնտեսության արտահանելի հատվածի համար։ Արտաքին շուկաներում այն բախվում է մրցակցության ու իրացման դժվարությունների։ Սա պարզագույն տնտեսագիտական օրինաչափություն է, որից ևս մեր տնտեսությունը շեղվել է։

Տեղի ունեցող գործընթացներին զուգահեռ պետք է փաստենք, որ մարտի վերջից-ապրիլի սկզբից սկսած դրամն ամրապնդվում է։ Դոլարի և եվրոյի նկատմամբ ազգային արժույթի արժևորումը հասնում է գրեթե 10 տոկոսի։ Շուկայում այնպիսի փոխարժեքներ են ձևավորվել, ինչպիսիք չեն եղել առնվազն վերջին 7-8 տարիներին, դրա հիմնական պատճառն ազգային արժույթի ամրապնդումն է, որը թվում է, թե պիտի խոչընդոտներ ստեղծեր հայկական ապրանքների արտահանման համար։ Սակայն պաշտոնական վիճակագրության հրապարակած ցուցանիշներն այլ բան են փաստում, որոնք հիմք են տալիս ասելու, որ այդ օրինաչափությունն այնքան էլ մեր տնտեսության համար չէ, որ ազգային արժույթի ամրապնդումն այնքան էլ չի խոչընդոտում տնտեսության արտահանելի հատվածի զարգացումներին, որ այդ պայմաններում արտահանումը կարող է լավ էլ աճեր արձանագրել ու ընդլայնվել, որ բեռնափոխադրումների հետ կապված դժվարությունները, որքան շատանում են, այնքան ավելի շատ ենք արտահանում ու ներմուծում։

Կարող ենք փաստել, որ այս ամենը հայկական ֆենոմեն է, որը, դեռ պարզ չէ, թե ինչի հետ կարող է կապված լինել։ Փաստն այն է, որ այս պահին պաշտոնական վիճակագրության արձանագրումներն էապես շեղվում են տնտեսական օրինաչափությունների տրամաբանությունից և ՀՀ տնտեսության այս տարվա զարգացումների վերաբերյալ մասնագիտացված կառույցների հնչեցրած գնահատականներից։ Հարց է առաջանում, արդյո՞ք այդ կառույցները համատարած սխալվել են իրենց կանխատեսումներում ու հաշվարկներում, թե՞ կան այլ պատճառներ, դեռ հավանաբար ժամանակ կլինի անդրադառնալու։ Ավելացնենք, որ այս տարի ևս տնտեսական ակտիվության ամենամեծ բաղադրիչներն են առևտուրն ու ծառայությունները։

Արմեն Հովասափյան