Վստահ եմ, որ Լևոն
Տեր–Պետրոսյանին իմ կարծիքը հետաքրքիր չէ։ Կարծում եմ նաև, ոչ թե այն պատճառով, որ
իմ կարծիքը կարող է նաև սխալ լինել, այլ այն պատճառով, որ Լևոն Տեր–Պետրոսյանին մյուսների
կարծիքը հետաքրքիր չէ ընդհանրապես։ Բայց սա գրում եմ ոչ թե Լևոն Տեր–Պետրոսյանի, այլ
մեր բազմահազար հայրենակիցների համար, ովքեր զայրացած են կապիտուլյացիայից, հողեր հանձնելուց,
երկրի գլխին կախված գոյաբանական վտանգից և դրա դեմ անզորությունից։
Լևոն Տեր–Պետրոսյանը
կրկին փորձում է քաղաքական դիվիդենտներ հավաքել։ Այդպես արել է միշտ, երբ երկրում քաղաքական
վայրիվերումներ և ճգնաժամային իրավիճակներ
են եղել։ Երբեմն դա արել է Նիկոլին փնովելով ու «ազգակործան պատուհաս» անվանելով, երբեմն
դա անում է իբր «խաղաղության ազավնի» խաղալով և այլն։ Հիմա նա ընդդիմության ղեկավարներին
առաջարկում է Նիկոլի հետ կլոր սեղանի շուրջ նստել և ինչ–որ բան պայմանավորվե՞լ։
Նախ փորձենք իրերը
դասավորել իրենց տեղերում։ Ընդդիմադիր պատգամավորները ԱԺ–ում ներկայացրել են Նիկոլի
հրաժարականի հանրային պահանջ, այսինքն այդ պահանջը հանրությանն է, որը այս կամ այն
ձևով պայքարում է այսօրվա իշխանությունների դեմ՝ Արցախը, Սյունիքը, Հայաստանը կործանումից
փրկելու և արժանապատիվ խաղաղություն ունենալու համար։ Ճի՞շտ չէր լինի դիմել ուղիղ ժողովրդին։
Ընդդիմությունը պատրա՞ստ է ինչ–որ բանի մասին սեպարատ բանակցություններ վարել Նիկոլի
հետ, բացի նրա հրաժարականից։
Լևոն Տեր–Պետրոսյանի
«պառնասից» շատ դժվար է իջնել հրապարակ, հատիկ–հատիկ խոսել մարդկանց հետ, համոզել նրանց։
Նախ դա հնարավոր չէ, որովհետև առաջին նախագահը վաղուց կորցրել է իր վստահությունը ժողովրդի
մեջ։ Դեռևս գոյություն ունեցող մարգինալ խմբակների ստվար հատվածն արդեն վաղուց Նիկոլի
«սեփականությունն» է և նրա հրահանգներով միայն ստատուսներ է գրում կամ դալաններում
«հայեր ջան, դուխով» է շշնջում։ Բայց ամենամեծ խոչընդոտն այն է, որ Լևոն Տեր–Պետրոսյանն
իր արժանապատվությունից ցածր է համարում հասարակ ժողովրդի հետ խոսելը։ Հասարակ ժողովուրդը
նրա համար միայն «միտինգի մատերիալ» է, որին կարելի է «ռասխոդ» անել առաջին իսկ ձկան
խանութի մոտ։ Եթե այդպես չէ, ապա թող փողոց հանի այդ ժողովրդին։ Եթե նույնիսկ կա այդ
ժողովուրդը, ապա նա մարտի 1–ին փախած Նիկոլի կամ Լևոն Տեր–Պետրոսյանի ետևից կգնա՞։
Հայաստանի շուրջ ձևավորված
աշխարհաքաղքական իրավիճակի նրա նկարագրությունը շատ սուբյեկտիվ է և կմնա զուտ հանրային
մանիպուլյացիա, քանի դեռ չի ապացուցվել փաստերով։ Առայժմ գոյություն ունեցող փաստերը
գոռում են, որ միջազգային հանրությունը մեզ չէր ստիպում հանձնել Շուշին ու Հադրութը,
Քաշաթաղը, Կովսականն ու Քարվաճառը։ Դա եղավ բացառապես այն պատճառով, որ պատերազմի նպատակն
այդպես է պատկերացրել կամ այդպես է ցանկացել կամ Ալիևին այդպես է խոստացել Նիկոլը։
Իսկ պատմության և եթեների անհամատեղելիության մասին խոսելը տվյալ դեպքում դիլետանտություն
է, քանի որ այդ եթեները մեր օրերում են՝ այս վայրկյանին։ Նիկոլի կողմից ղեկավարած պատերազմի
անկառավարելի և պարտվողական ընթացքը, Արցախի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած որոշում
ժողովրդի հետ հրապարակում քննարկելու խոստումն ու չկատարելը, հրադադարի առաջարկների
մերժումը, որպեսզի դավաճան չկոչվի, Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանական զորքերի
առկայությունը, Ալիևի կողմից հիշատակված 5 միլիարդի զենքն ու զինամթերքը եթենե՞ր են։
Տեր–Պետրոսյանը սա շատ լավ է հասկանում, բայց իր խաղն է խաղում, իբր հույս ներշնչելով,
թե կարող է միջնորդ դառնալ։ Իրականում նրա միակ նպատակը իր հիպոթետիկ հեղինակությամբ
Նիկոլից էստաֆետ ստանալն է՝ ավարտին հասցնելու այն քաղաքական գիծն ու նպատակները, որի
համար իշխանությունից հեռացվեց 1998–ին, որի համար հրապարակ եկավ 2008–ին և որն այսօր,
կաշվից դուրս գալով, շարունակում է իր հոգեզավակը։









