Foto

Տարածաշրջանում ՌԴ ֆակտորը կմնա առաջնային

Այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունն այն է, որ տեղի ունեցած վերադասավորումների ֆոնին Արցախյան հակամարտության ու հայ-ադրբեջանական, այսպես կոչված, կարգավորման գործընթացը, շուրջ երկու ամիս է՝ թևակոխել է Արևմուտք-Ռուսաստան հարավկովկասյան բաց մրցակցության փուլ:

Ուկրաինական թատերաբեմում միմյանց դեմ դիրքավորված աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց դիվանագիտական հայտարարություններում այլևս չեն թաքցնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը դարձել է Ռուսաստանի և Եվրոպական միության միջև քաշքշուկի և գլխավոր միջնորդի դերի համար պայքարի առարկա: Հատկանշական է այն, որ, ըստ էության, հենց այս պայմաններում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը ՌԴ հստակ ռուսական օրակարգով ու շեշտադրումներով, ինչպես նաև դրան հաջորդած ՌԴ ԱԳՆ մի շարք սուր հայտարարություններով, որոնք վերաբերում են կարգավորման գործընթացին:

Գաղտնիք չէ, որ ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Վաշինգտոնը, Բրյուսելը և արևմտյան մի շարք այլ երկրներ ու կենտրոններ տարբեր մակարդակներում ակտիվացրել են շփումները պաշտոնական Երևանի հետ, այդ ֆոնին տեղի ունեցավ ապրիլի 6-ի Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը պայմանավորվեցին ԱԳ նախարարներին հանձնարարել նախապատրաստվել, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրին», ինչպես նաև մինչև ամսվա վերջ ձևավորել հայ-ադրբեջանական սահմանազատման-սահմանագծման հանձնաժողով, որը, ըստ Փաշինյան-Ալիև-Պուտին պայմանավորվածությունների, պետք է ձևավորվեր ռուսական հովանու ներքո: Նշենք նաև, որ այդ մասին հստակ պայմանավորվածություններ ձեռք էին բերվել ռուսական հովանու ներքո 2021 թվականի երկրորդ կեսին, սակայն այս ամիսների ընթացքում քնեցվել էին, և Բրյուսելը, ըստ փորձագիտական կարծիքների, օգտվելով Ռուսաստանի շուրջ ստեղծված բարդ իրավիճակից, ձգտում է գրավել ռուսական «առաջին ջութակի» դերակատարությունը Ղարաբաղյան հարցում:

Տեղին է ընդգծել, որ ռուսական դիվանագիտական որոշ շրջանակներ մեր ուշադրությունը հրավիրում են հատկապես այն հանգամանքի վրա, որ Փաշինյանի այցը Մոսկվա ռուսական կողմը չսահմանափակեց տարածաշրջանային օրակարգերով, այլ շատ ավելի ընդարձակ ու աշխարհաքաղաքական խնդիրներ դրեց հայկական կողմի առջև, ինչպիսին ՌԴ դեմ գործադրված պատժամիջոցների ռեժիմն է, կենսալաբորատորիաների թափանցիկությունն ապահովող հռչակագրի և աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող մի շարք շեշտադրումներ, որոնք տեղ գտան Փաշինյան-Պուտին 30-կետանոց հայտարարությունում, որի վերջին միայն մի քանի կետերն էին նվիրված Հվ. Կովկասին ու ՀՀ-ՌԴ-Ադրբեջան բանակցային գործընթացին: Ի դեպ՝ վերջին օրերի ռուսական և հայ-ռուսական պաշտոնական բոլոր տեքստերում հատուկ ընդգծվում է ՌԴ բացառիկ դերակատարության մասին: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունը, որը Փառուխում ադրբեջանական ուժերի առաջխաղացման համար մեղադրանքների արշավ էր սկսել ՌԴ-ի ու ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ, ՌԴ-ում այդ մասին ուղիղ չխոսեց և շատ ավելի մեղմ արտահայտվեց:

Ըստ էության, աշխարհաքաղաքական նման ակտիվ մրցակցությունն ահռելի հնարավորություններ է ստեղծում հայկական դիվանագիտության համար, որը ծանր իրավիճակում է հայտնվել թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ներհայաստանյան իրողություններից ելնելով: Սակայն այն անելանելի իրավիճակն Արցախյան բանակցային «սեղանի» շուրջ, որը փորձում է հրամցնել հանրությանը Նիկոլ Փաշինյանը, չի համապատասխանում իրականությանը: Ավելին, հենց դիվանագետներն են ընդգծում, որ աշխարհաքաղաքական մանևրների ու դիվանագիտական աշխատանքի լայն դաշտ է բացվում, որն այս իշխանությունը միանշանակ չի օգտագործելու:

Ի դեպ՝ չափազանց հատկանշական է նաև այն հանգամանքը, որ չնայած Արևմուտքը միտումնավոր տապալել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը, ծրագրելով հակամարտության կարգավորմամբ զբաղվել առանց Ռուսաստանի, հայկական կողմը շարունակում է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբից: Հավելենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԵԱՀԿ ՄԽ-ին հրապարակայնորեն մարտ ամսին դիմելու քայլը, որքան էլ որ տարօրինակ կարող է հնչել, արտոնված և թելադրված էր ռուսական կողմից սահմանափակելու համար Արևմուտքի՝ ՌԴ-ին տարածաշրջանային կարգավորումից դուրս թողնելու բոլոր դիվանագիտական սպասվող փորձերը:

Ընդհանուր ռազմա-քաղաքական «ռասկլադին» հետևելով, կարող ենք նշել, որ միանշանակ է, որ այսօր ռուսական արտաքին քաղաքական, ռազմական «հրետանին» ուղղված է ուկրաինական ճակատին, որտեղ ամեն ինչ չէ, որ ընթանում է ռուսական սցենարով, սակայն, վերջին բանակցությունների ընթացքում ռուսական կողմը վերահաստատել է, որ տարածաշրջանում ունի սեփական շահերը և չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից ու զիջել իր դիրքերը:

Ակնհայտ է, որ ՌԴ-ն գիտակցում է, որ ուկրաինական ճակատում իրավիճակը կարող է երկարաձգվել, ու դիվանագիտական լիակատար պասիվությունը կարող է մեծ կորուստների պատճառ դառնալ: Չի բացառվում, որ այս շրջափուլում ռուսական կողմը  կփորձի գործել այլ պայմաններում:

Արմեն Հովասափյան