Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է համարել իր Մոսկվա կատարած այցը:
Կառավարության նիստի մեկնարկին նա մանրամասներ ներկայացրեց մոսկովյան այցից և ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպումից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, ինչն արձանագրված է Ռուսասատանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ ընդունած հայտարարության մեջ:
Փաշինյանի հաղորդմամբ՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը վերաբերվող մի շարք հարցերին.
«Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով Հայաստանի ու Ռուսաստանի մոտեցումների նույնականացումը: Տվյալ հարցում կարող ենք արձանագրել մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունը ու այս ֆոնին ուզում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթուղագծի ու ավտոճանապարհների շինարարությունը ՀՀ տարածքով. հույս ունեմ՝ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել ու համաձայնեցնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:









