Foto

Ընդդիմությունը նախապես էր դիմել լսումներ անցկացնելու համար․ տեխնիկական խնդիրներն էլ պատրաստ էր լուծել․ պատգամավոր

ԱԺ նիստերի դահլիճը չի տրամադրվել հայ-թուրքական հարաբերությունների թեմայով լսումների համար, ուստի այն տեղի կունենա Ազատության հրապարակում։ Այս մասին տեղեկացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այսօր Ազգային Ժողովի նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ պետք է կայանային Ազգային ժողովի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ Հրավիրված էին մի քանի տասնյակ գիտնականներ, քաղաքագետներ, քաղաքական եւ հանրային գործիչներ։

Լսումների նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելիս:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք հերթական անգամ խախտելով Սահմանադրությունն ու օրենքները, ներկա իշխանությունները մինչև ապրիլի 24-ը հրաժարվում են Ազգային ժողովում նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն»,- գրել էր Մանուկյանը:

Vesti.am-ին ԱԺ լրատվականից հայտնեցին, որ նախապես պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի դաշնության դաշնային ժողովի միջև համագործակցության և մինչխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստն է տեղի ունենում և տեխնիկան ԱԺ-ից այդ առիթով բացակայելու է այսօր և վաղը։ ԱԺ աշխատակազմի նախագահն այս մասին տեղեկացրել է ընդդիմությանը և հաջորդ աշխատանքային օրը՝ ապրիլի 25-ին, պատրաստ է դահլիճը տրամադրել։

Ընդդիմադիր պատգամավորը Vesti.am-ին ասաց, որ այդ քննարկման համար իրենք դիմել էին վաղուց, ամեն ինչ կարգին էր և գիտեին, որ քննարկումը կարող են անցկացնել միչև իրենց հայտնել էին  տեղնիկական խնդիրների մասին։ Բացի այդ, Մանուկյանի խոսքով՝ ընդդիմությունն ասել էր, որ տեխնիկական խնդիրները կարող են լուծել։ Ուղիղ հեռարձակում ապահովելն էլ խնդիր չէր, սակայն ԱԺ-ում այդ տարբերակին ևս չեն համաձայնել։ Գեղամ Մանուկյանն ասում է․ «Թերևս, օրվա իշխանությունը վախեցավ թուրքական կողմի զայրույթից»։

Այնուամենայնից այօր 16։00-ին Ազատության հրապարակում լսումները տեղի են ունենալու։ Մասնակցելու են «Հայաստան» խմբակցության անդամներ Արմեն Ռուստամյանը, Էլինար Վարդանյանը, Արամ Վարդևանյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը ։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան