ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն այսօր ԱԺ մարդու իրավունքների հարցերի
հանձնաժողովում հայտարարեց, որ կիրակի օրը Ազատության հարապարակից ակցիայի 5
մասնակցի բերման ենթարկելու դեպքի առթիվ իր հանձնարարությամբ ՄԻՊ-ի
ներկայացուցիչները կապ են հաստատել ոստիկանության հետ, հաջորդ օրն առավոտյան
գրությամբ ոստիկանությունից լրացուցիչ պարզաբանումներ են պահանջել, այն պայմաններում,
երբ Պաշտպանին որևէ բողոք չէր ներկայացվել։ Եվ այս պրոցեսին գնահատական տալով
տիկին Գրիգորյանն այն անվանում է օպերատիվ արձագանք։ Ցանակալի կլիներ, որ Քրիստինե
Գրիգորյանին կա՛մ ցանոթացնեին, կա՛մ ինքը ծանոթանար մինչ իր պաշտոնավարումը ՄԻՊ-ի
աշխատանքին։ Այստեղ անձերի խնդիր չէ, պարզապես այս համակարգում Արման Թաթոյանը նոր
նշաձող էր սահմանել։ Ուսումնասիրելիս պարզ կդառնա, որ վերջին տարիների ընթացքում
ակցիաների ժամանակ բերման ենթարկվածներին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են մինչ 3
ժամը լրանալը՝ խոսել են, պարզել բերման
ենթարկելու պատճառները և տեղում պարզաբանումներ ստացել ոսիկանությունից։
Ընդ որում՝ բերման ենթարկվածները որևէ ձևով
չեն կապվել և չեն խնդրել, որ ՄԻՊ ներկայացուցիչները գան։ Հիմա, որպես ձեռքբերում
ներկայացնել ՄԻՊ օգնության կարիքն ունեցող անձանց մասին ոստիկանությունից
պարզաբանում պահանջելը՝ համակարգում նշաձող իջեցնել է։ Եթե հաջորդ օրը հարմարավետ
գրասենյակից ոստիկանություն գրություն ուղարկելն օպերատիվ է, ապա նույն պահին,
օրվա ցանկացած ժամին ոստիկանության բաժին գնալն ի՞նչ է։ Սա արդեն իսկ վերելք գրանցած
կառույցի նշաձողի իջեցում է։
Մեկ այլ դիտարկմամբ Գրիգորյանն ասաց․ «Այսօր պաշտպանի ներկայացուցիչները իմ հանձնարարությամբ եթե չեն այցելել, ապա
կայցելեն հացադուլ հայտարարած, պատերազմի մասնակից երկու տղաներին: Ուզում եմ
իրենց առողջական վիճակի հետ կապված խնդիրներին ծանոթանալու, և ըստ անհրաժեշտության
մեր կոնտակտները փոխանակելու: Որովհետև, ինչպես գիտեք, Պաշտպանի հաստատությունը
24-7 ռեժիմով աշխատում է և այս տղաներն են, որ առաջին բենեֆիցիարը պետք է լինեն
այդ աշխատանքի և ծառայությունների»:
Այստեղ նույնպես կառույցի նշաձողն է իջցվում։ Երբ պատերազմից հետո Նիկոլ
Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ ներկայիս պատգամավոր Գեղամ Մանուկյանը հացադուլ
հայտարարեց, ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկում էին իրականացնում և պարբերաբար այցելում էին հացադուլ հայտարարած
քաղաքացի Մանուկյանին։ Ընդ որում՝ մշտադիտարկման մասին տեղեկությունը Vesti.am-ին փոխանցեց Գեղամ Մանուկյանը։
Արդեն 2 օր է հացադուլ հայտարարած տղաներին
ՄԻՊ ներկայացուցիչները պատրաստվում են այցելել և հանձնարարությունը նոր են
ստացել։ Խոսքը 44 օրյա պատերազմի մասնակիցների մասին է։ Տեսնենս ի՞նչ արդյունք
կլիներ, եթե նրանք էլ մարտի դաշտում նման պատասխանատվությամբ վերաբերեին
պատերազմին։









