Foto

Կայացավ «Միսս Հայք 2016» հաշմանդամություն ունեցող կանանց համահայկական գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը. Vesti.am-ի ֆոտոշարքը

Այսօր կայացել է ապրիլյան պատերազմի պատճառով հետաձգված «Միսս Հայք 2016» հաշմանդամություն ունեցող կանանց համահայկական գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը և մրցանակաբաշխությունը: Այն անց է կացվել Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տան դահլիճում:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնած այս միջոցառումը նվիրվել է հայ ժողովրդի մայիսյան եռատոնին:

Առաջին տեղը գրավել է Էլեն Խաչատրյանը՝ Երևանից: «Միսս Հայք»-ն ունի լսողության հետ կապված խնդիր:

Երկրորդ տեղը՝ «Վիցե Միսս Հայք» անվանակարգը, զբաղեցրել է Ռուզաննա Կարապետյանը՝ կրկին Երևանից: Նա նույնպես ունի լսողության հետ կապված խնդիր:

Երրորդ տեղին՝ «Միսս համակրանք» անվանակարգով արժանացել է Արփինե Հարությունյանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Նա տեղաշարժվում է սայլակով:

Իսկ չորրորդ՝ «Միսս Ունիսոն» անվանակարգում, հաղթող է ճանաչվել Ֆենյա Պողոսյաննը՝ Վայոց ձորի Ռինդ գյուղից: Նա լսողության խնդիր ունի:

Եղել են նաև 6 խրախուսական մրցանակներ:

«Միսս Հայք 2016»-ին մասնակցության հայտ են ներկայացրած եղել 16 տարեկանը լրացած 44 գեղեցկուհիներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից և ԼՂՀ-ից, ինչպես նաև 1 մասնակից Ռուսաստանից: Այս տարի առաջին անգամ վերին տարիքային շեմ չի սահմանվել: Նորամուծությունների շարքում էր նաև նախընտրական` ֆեյսբուքյան փուլը։ ՖԲ օգտատերերի հավանումների քանակով ընտրվել են եզրափակիչ փուլի երեք մասնակիցները: Ընդհանուր առմամբ, եզրափակիչ փուլ էր անցել 10 գեղեցկուհի:

Ժյուրիի կազմում էին ընդգրկվել հաղորդավար Եգոր Գլումովը, հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը, գրաֆիկ-դիզայներ Մուշեղ Գարուկյանը:

Ներկայացնում ենք Vesti.am-ի ֆոտոշարքը մրցույթից:

Vesti.am