Ֆրանսիայի ԱԳՆ-ն երեքշաբթի օրը Փարիզում ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովին է փոխանցել Ռուսաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցների ցուցակը, որոնք պերսոնա նոն գրատա են հայտարարվել։ Իսկ ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը բողոքել է Փարիզի անբարյացակամ գործողությունների դեմ, հաղորդում են ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։
«Ապրիլի 5-ին ՌԴ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցների «պերսոնա նոն գրատա» ցուցակը։ Իր հերթին դեսպանը խիստ բողոքել է Ֆրանսիայի իշխանությունների անբարյացակամ գործողություններից։ Նա ընդգծել է, որ դա ուղղակիորեն վնասում է ռուս-ֆրանսիական առանց այն էլ այս պահին բարդ հարաբերություններին»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
ՌԴ դեսպանն ասել է, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ Փարիզի գործողություններին։









