Foto

Մեր էլիտաները կամ փող են աշխատել, կամ ապրել են այլ իրականության մեջ. Վահե Հովհաննիսյան

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունը պետք է աշխատեր նոր օրակարգի ներկայացման ուղղությամբ, սակայն ուժերը չտեսան դրա կարեւորությունը եւ համահայկական նոր օրակարգով հանդես գալու առաքելությունն իրենց վրա չվերցրին։ Այս մասին մարտի 30-ին կայացած քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակը կարեւոր միավորող գործոն էր, սակայն 44-օրյա պատերազմը լուրջ հարված հասցրեց հայկական ինքնությանը։ «Պարզվեց, որ պարտության շուրջ համախմբվելը շատ դժվար է։ Դրա համար Հայաստանը պետք է նոր օրակարգ ներկայացներ, այդ ուղղությամբ ոչինչ չարվեց, այդ թվում՝ ընդդիմության կողմից»,- հավելեց Հովհաննիսյանը։

Հիմնական գաղափարը, ըստ նրա, պետք է լինի հայակենտրոն օրակարգի ձեւավորումը: «Ո՞վ պետք է դա անի: Դա պետք է անի իշխանությունը, բայց չի անում ու չի անի։ Արդյունքում դա պետք է անի ընդդիմությունը, բայց չունի կոնսոլիդացնող ռեսուրս։ Միգուցե եկեղեցին կարող է նման գործառույթ ստանձնել, բայց դրա գործիքակազմը բավարար չի»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամը լուրջ նախադրյալներ է ստեղծել հայկական աշխարհի պառակտման համար, քանի որ աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքները տարբեր, հակադիր քարոզչական գաղափարների ազդեցության տակ են։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ փոխադարձ պատժամիջոցները հայկական համայնքների միջեւ կապերի նվազման կհանգեցնեն, ինչը եւս պառակտման կբերի:

«30 տարի մեզ չհաջողվեց անկախ երկրի քաղաքացի ձեւավորել, չհաջողվեց ազգային եւ պետական ​​էլիտաներ ձեւավորել, որոնք վեր կլինեին իշխանությունից, կլանային եւ անձնական շահերից։ Մեր էլիտաները կամ փող են աշխատել, կամ ապրել են այլ իրականության մեջ»,- եզրափակեց փորձագետը։