Եթե հետհայացք գցենք և փորձենք զուգահեռներ անցկացնել Նիկոլ Փաշինյանի երեք տարի առաջ արված հայտարարությունների,
ամպագորգոռ խոստումների ու պոպուլիստական կոչերի և հետագա գործողությունների միջև,
կտեսնենք, որ գործ ունենք անձի երկվության հետ։ Մարդը ասում էր մի բան, անում՝ հակառակը։
Փաշինյանը, ով իշխանության էր եկել պետական համակարգը ուռճացումից ազատելու և բյուջեն
ուռճացումից փրկելու կարգախոսներով, իր պաշտոնավարման ընթացքում ոչ միայն անտեսել է
որդեգրած կարգախոսներն ու իրականություն չի դարձրել խոստացած պայքարը, այլև շարունակում
է իր քննադատած մեթոդներով էլ ավելի ծանրաբեռնել պետական բյուջեն։
Գուցե ոմանց աչքից վրիպել է, սակայն, փաստացի, կայացած փաստ է այն, որ օրինակ 2020 թվականին կառավարության ընդունած որոշումներից
մեկով ձևավորվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ուռճացրած՝ 40 հոգանոց հաստիքացուցակով:
Չզարմանաք, բայց հանրությանն առ այս պահը հայտնի չէ, թե քանի
կոռուպցիոն գործարք է կանխարգելել այս գերհագեցված հանձնաժողովն իր գործունեության
ընթացքում: Հայտնի չէ նաև, թե հանձնաժողովի ուշադրության կենտրոնում երբևէ հայտնվե՞լ
են կառավարությունում և ԱԺ-ում նստած պաշտոնյաների ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունների
և մեկ անձից կատարված միլիոնավոր դրամների գնումները, թե՞ ոչ:
Փաստացի ունենք մի իրողություն, երբ կոռուպցիան կանխարգելելուն
միտված հստակ քայլեր դեռևս տեսանելի չեն: Բայց տեսանելի են պետական համակարգը և բյուջեն
ծանրաբեռնելու գործողությունները: Ամենազարմանալին այն է, որ բոլորովին վերջերս հանձնաժողովում
նոր «համալրում» է տեղի ուենցել. պարզվում է՝ հանձնաժողովին չի բավարարում 40 աշխատակիցը, և այն
13 հաստիքով համալրելու խիստ անհրաժեշտություն կա: Այդքան աշխատակցին աշխատավարձ հատկացնելուց
բացի, նաև անհրաժեշտ է համապատասխան գույքով ապահովել, և հենց այդ նպատակով բյուջեն
կծանրաբեռնվի ևս 10 միլիոն դրամով։
Արթուր Սարգսյան