Մեկ տարի առաջ այս
օրը թշնամին մտավ Քարվաճառ։ Չգրավեց, չհաղթեց Քարվաճառին, այլ մի դավաճանական ստորագրությամբ
մտավ ու հիմա խրախճանք է անում մեր միջնաբերդում։ Քարվաճառը միայն տարածք չէ, այն ոչ
թե կիլոմետրերով է չափվում, ինչպես սիրում է անել Նիկոլ Փաշինյանը, այլ հայուրավոր
զոհերով, որ տվեց մեր ազգը այն ազատագրելու համար, հազարավոր ճակատագրերով՝ այն մարդկանց,
ովքեր մեկ տարի առաջ այս օրը վառում էին իրենց տները, քանդում ծնողների գերեզմանները,
որ թուրքին չթողնեն, միլիոնավոր երազանքներով, որ տածում էին աշխարհասփյուռ մեր հայրենակիցները,
ովքեր փափագում էին գոնե մի անգամ վայելել այդ չնաշխարհիկ բնությունը, աղոթել Դադիվանքում։
Վստահ եմ, որ մի օր մենք կրկին հետ ենք բերելու Քրվաճառը, որովհետև այն ոչ միայն չքնաղ
է, այլև կենսականորեն անհրաժեշտ, եթե ցանկանում ենք անվտանգ երկիր ունենալ, եթե մեր
և մեր սերունդների ապագան պատկերացնում ենք Հայաստան երկրում։
Քարվաճառն անառիկ ամրոց
էր Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի թիկունքում, սակայն արդեն մեկ տարի
է, ինչ քաղաքական տգիտության և փառամոլության զոհ դարձած այս լեռնամրոցից խոցում են
մեր բնակավայրերն ու զինվորներին։ Թուրքերը լավ գիտեն այդ ամրոցի գինը և 28 տարի այդ
ուղղությամբ փորձել են ներթափանցել, դիվերսիաներ անել։ Քարվաճառը քաղցրահամ և բուժիչ
ջրերի, էներգետիկ և պարենամթերքի անսպառ աղբյուր էր, որը մենք պաշտպանեցինք մինչև պատերազմի
վերջին վայրկյանը, բայց հանձնեցինք առանց մի կրակոցի, որովհետև այդ ամրոցի դարպասները
ներսից թշնամու առաջ բացեց մեկը, որի համար հայրենիքը միայն ինքնահաստատման ու անձնական
քինախնդրության տարածք է, ով անձնագրում գրված հայրենիք ունի, բայց հոգու խորքում թափառական է, ծառա և ստախոս բանսարկու։
Նաև վստահ եմ, որ Քարվաճառի
դարպասները մենք կրկին կբացենք տանտիրոջ իրավունքով, եթե մեր տանից արմատախիլ անենք այդ
անհայրենիքին ու իր ցռուկներին։