Foto

Հոխիկյանը «հայտնի փաստաթղթի» բանակցային հարցերի վերաբերյալ նոր տեղեկություններ ունի

Մի քանի օր է ինչ ձևավորվում է նոր հասարակական, ապաքաղաքական շարժում, որը փողոցային պայքարի միջոցով փորձում է իշխանության գործողությունների վերաբերյալ պատասխաններ ստանալ։ Vesti.am-ը զրուցել է ազատագրական շարժման առաջնորդներից հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանի հետ։

-          Պարո՛ն Հոխիկյան, որո՞նք են շարժման պահանջները։

-          Մենք երեք հիմանական պահանջ ենք ներկայացրել։ 1-ինը՝ սահմազատման և սահմանգծման պայմանագիր չկնքել Ադրբեջանի հետ և որևէ ճանապարհ կամ միջանցք չտրամադրել Ադրբեջանին, 2-րդ՝ հրապարակել ՌԴ-ի կողմից առաջարկված փաստաթուղթը, 3-րդը՝ լինել առաջնագծում կանգնած հայ զինվորի և աշխարհազորի կողքին։ Մի կողմից Փաշինյանը հայտարարում է, որ զորքը համալրման կարիք ունի, մյուս կողմից էլ կամավորներին զենք չեն տրամադրում։ Եթե իշխանությունը  չպետք է կանգնեցի սահմանզատման և սահմանգծման այդ հակահայ ծրագիրը, եթե պիտի ասի, որ ստորագրելու է այդ փաստաթուղթը և պատրաստ է միջանցք կամ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, ապա մենք կպահանջենք նաև իր հրաժարականը։

-          Դուք չգիտեք ինչ է գրված փաստաթղթում, բայց պնդում եք, որ հայանպաստ չէ։ Ո՞րն է այդ պնդման հիմքը։

-          Փաստաթուղթը չունեմ, բայց տեղեկություններ ունեմ թե ի՞նչ է քննարկվում Ադրբեջանի հետ և դրանից էլ ենթադրում եմ, թե ինչ կարող է լինել փաստաթղթում։ Քննարկվում է Ադրբեջանին ճանապարհի անվան տակ միջանցք տրամադրելու հարցը։ Միջանցքը տրամադրվելու է Նախիջևանի, Բջնիի բնակավայրից միչև Սյունիքի մարզի Անգեղակոթ, որտեղից էլ դեպի Խնձորեսկ և դեպի Տեղ գյուղ հատվածով։ Մյուս տարբրակն էլ այն է, որ ադրբեջանցիներն առաջ են քաշվում դեպի Անգեղակոթ, որտեղից էլ ուղիղ գծով, առանց ճանապարհից շեղվելու  և հարավ գնալու,՝ շարժվում են դեպի Քաշաթաղ։ Ի դեպ Քաշաթաղի շրջանի այդ ճանապարհն ադրբեջանցիներն հիմա կառուցում են։ Դրա հետևանքները մեզ համար աղետալի կլինեն։ Սա նույնիսկ չթաքցվեց Հայաստնանի բարձարագույն  իշխանության կողմից։ Սա միայն ենթադրություն չէ՝ նոյեմբերի 11-ին Փաշինյանը հայտարարեց, ավելի վաղ՝ նոյեմբերի 7-ին, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը խոսեց այդ մասին՝ հաստատելով, որ հենց իմ ասածն են քննարկում։ Իրենք պնդում են, որ սկզբունքորեն դեմ չեն, որ ճանապարհի անվատնգությունն ապահովեն կամ Թուրքիայի ոստիականները, կամ ռուսները։ Երկու դեպքում էլ, եթե որևէ երրորդ երկիր ապահովվելու է ՀՀ տարածքում գտնվող ճանապարհի անվատնգությունը, դա նշանակում է միջանցք։

-          Ձեր նշած ճանապարհատավածով միջանցքի կամ ճանապարհի տրամադրման արդյունքում  Սյունքիը Հայաստանից կտրվո՞ւմ է։

-          Եթե օրինակ ճանապարհ է տրամադրվելու, որի անվտանգությունն ապահովելու են ՀՀ զինված ուժերը, դա իրենից վտանգ չի ներկայացնում, բայց եթե այդ ճանապարհի անվտանգությունը պիտի ապահովվեն Ռուսաստանի կամ Թուրքիայի զինված ուժերը փաստացի կտրվում է։ Եթե նույնիսկ ադրբեջանական 5 մեքենա պիտի անցնի այդ ճանապարհով, նշանակում է այդ ճանապարհը պիտի փակեն և մեզ թույլ չտան ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվել։ Հետո էլ ասենք, Ալիևը պիտի գա այդ ճանապարհով անցի, գնա Նախիջևան, մենք էլ պիտի ժամերով սպասենք, որ Ալիևը մեր տարածքով անցնի, որ հետո նոր մենք մեր երկրում տեղաշարժվենք։

Հեղինակ: Աննա Ավետիսյան