Արևմտյան ամսագրերը քննարկում են «Met Gala» կոստյումների ամենամյա միջոցառմանը ներկա գտնվող հայտնիների զգեստները: Քիմ Քարդաշյանը, Իրինա Շեյքը, Բեյոնսեն և այլոք հերթական անգամ աչքի են ընկել իրենց անկեղծ զգեստներով և փարթամ կազմվածքով:
Դերասանուհի Էմմա Ուոթսոնը, իր հերթին, գրավել է հանրության ուշադրությունը ոչ թե փարթամ բարեմասնություններով, այլ պլաստիկ շշերից պատրաստված իր հագուստով:
Դերասանուհու՝ «Calvin Klein»-ի և «Eco Age»-ի հագուստը կարված է եղել պլաստիկ շշերից վերամշակված հատուկ կտորից: Ուսերը մերկացնող սև ու սպիտակ սեղմիրանը և յուրօրինակ սև տաբատն այնպիսի տեսք էին հաղորդել դերասանուհուն, կարծես վերջինս երեկոյան շքեղ զգեստով լիներ: Ուոթսոնը խոստովանել է, որ մեծ հպարտությամբ է ցուցադրել բնապահպանական նկատառումներով վերամշակված կտորից կարված այս զգեստը, որը ոչնչով չի զիջել մյուսների հագուստներին:
«Պլաստիկը մեր Երկիր մոլորակն աղտոտող ամենատարածված նյութերից է: Այն, որ այն կարողացել են վերամշակել և զգեստի վերածել «Met Gala» միջոցառման համար, ապացուցում է, որ նորաձևությունը և ժամանակակից տեխնոլոգիաները կարող են համատեղ աշխատել»,-դերասանուհու խոսքերն է մեջբերում «Independent»-ը:
Vesti.am











