Foto

ՊՇՌ թեստերն այսպես, թե այնպես խնդիր չէին լուծում, դա պատժամաիջոց է, կանխարգելման որևէ տարր չունի․ համաճարակաբան

«Երեկվա տվյալով` ավելի քան 12 հազար թեստավորում է կատարվել, որից 1589-ը դրական է եղել:

Սա նշանակում է, որ մեր ներդրած ֆիլտրերն աշխատում են, և այն անձինք, ովքեր ունեն դրական պատասխան, կմնան տանը, չեն գնա աշխատանքի և չեն վարակի մյուսներին:

Մեխանիզմն առավել գործուն դարձնելու համար մեր փորձագետների խումբն այսօր աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ»: Այսպիսի գրառում է արել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Մալուլում արդեն մի քանի օր շրջանառվում են 10 օրյա ժամկետի մասին լուրերը։  Vesti.am-ը համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանից հետքրքրվեց, թե համաճարակաբանական առումով ի՞նչ խնդիր կարող է լուծել նախարարության այս փոփոխությունը։ «ՊՇՌ թեստերն այսպես, թե այնպես խնդիր չէին լուծում, դա պատժամաիջոց է, կանխարգելման որևէ տարր չունի։ Հիմա լաբորատորիաների վրա ավելորդ ծանրաբեռնվածություն է ավելանալու, նաև շահույթ է ապահովելու։ Այս որոշումը լաբորատոր ենթակառուցվածքը կարող է բերել  կոլապսի: Առանց այդ էլ լաբորատորիաներն աշխատում են գերլարված։ Այսպես ծանրաբեռնվածությունը կավելանա 30 տոկոսով։ Իսկ այն մարդիկ, ովքեր իրապես կունենան թեստավորման կարիք, ավելի քիչ հասանելիություն կունենան, ավելի ուշ կթեստավորվեն՝ դրա բոլոր բացասական հետևանքներով»,-բացատրեց համաճարակաբան Հովհաննիսյանը։

Բժիշկ- համաճարակաբանն ասում է, որ առաջին ախտանշանները ի հայտ են գալիս կոնտակտից հետո միջինում 5-6 օրվա ընթացքում․ «Եթե ընդհանրապես ուզում են բացառել, ապա կարիք կա ամեն օր ստուգելու։ Սա ուղղակի աբսուրդ որոշում է։ Կարիք չկա տրամաբանություն փնտրել նախարարի այս որոշման մեջ։ Ուղղակի տեսեք, հետազոտությունների թիվն աճել է 2-2,5 անգամ, իսկ հայտնաբերման թիվը գերթե չի աճել։ Սա արդեն խոսում է այն մասին, որ աննպատակ հետազոտում ենք»,- եզրափակեց համաճարակաբանը։

 

 

Հեղինակ: Anna Avetisyan