Foto

Միջազգային S&P Global Ratings գործակալությունը վարկանիշ է շնորհել Հայաստանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային 4 տասնյակից ավելի հարցերին անցնելը, նշել է, որ  միջազգային S&P Global Ratings գործակալությունը վարկանիշ է շնորհել Հայաստանին:  Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մանրամասնել է, թե առաջին տարին է, որ կազմակերպությունը վարկանշել է Հայաստանը և շնորհել է արտաժույթով ու ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ դրական հեռանկարով:

«Դրական հեռանկարն արտահայտում է կազմակերպության գնահատականն այն մասին, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված գործողությունները գերակշռող են ու առաջիկա 12 ամիսների ընթացքում կարող են բերել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման», – ասել է Տիգրան Խաչատրյանը:

Կազմակերպությունը նաև նշել է, որ եթե 2-3 տարվա ընթացքում Հայաստանում տնտեսական աճի սպասումներն արդարանան, արտաքին խոցելիությունը նվազի ու պետական բյուջեի կատարողականը լինի սպասվածից դրական, ապա դա կբերի նաև երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման:

Ըստ նախարարի պարզաբանման՝ այս վարկանիշի հիմնական առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի մասնավոր հատվածը  ներկայացնող ֆինանսական կազմակերպություններն ավելի մատչելի միջազզգային վարկանիշ ստանալու հնարավորություն են ստացել ու դրա ներքո հայաստանյան և արտաքին շուկաներում ավելի հարմար ու հասանելի պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել:

Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, թե վերջին տարիներին իրենք երկու անգամ եվրոբոնդերի թողարկում են իրականացրել, ու երկու անգամ էլ տոկոսների պատմական մինիմում է արձանագրվել:

«Միջազգային ներդրողները վստահեցին Հայաստանի կարողությանը, արդյունքում ճիշտ դուրս եկան», – ասել է Փաշինյանը: Նա նաև նշել է, որ պետք է մասնավոր հատվածի հետ շատ ինտենսիվ աշխատել, որ ընկերությունները դուրս գան կապիտալի շուկա: