Կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումն ամենատարբեր գնահատականների
և վերաբերմունքի է արժանացել: Հայաստանի իշխանություններից ոչ ոք այդպես էլ չի կարողանում
հավատացնել կամ համոզել քաղաքացիներին դրա անհրաժեշտության մեջ: Փախարենը՝ այն ամենն
ինչ կատարվում է այդ ստիպողական գործընթացի շուրջ, «պատվաստման մատերիալին» ստիպում
է ավելի կասկածել, որ դա ոչ թե առողջապահական, այլ կոմերցիոն անհրաժեշտություն է: Դրա
ամենատիպիկ օրինակը պատվաստման բուն գործընթացի կազմակերպումն է, որ, եզակի բացառություններով,
նույնն է ամեն տեղ:
Սկսենք նրանից, որ բուժհաստատություններում այդ «կոնվեյերը»
մշտապես խափանվում է մի քանի տիպիկ սխալների պատճառով: Այսպես՝ պատվաստման ուղեգիր
տվող թերապևտը միաժամանակ սպասարկում է և՛ պատվաստվել ցանկացողներին, և՛ իր տեղամասի
ամբուլատոր հիվանդներին: Հսկայական հերթերի պատճառով կա՛մ պատվաստվողի զննությունն
է տուժում, որը մեծամասամբ կատարվում է խիստ մակերեսորեն, իսկ հաճախ ուղղակի ձևական
բնույթ է կրում, կա՛մ տուժում է ամբուլատոր հիվանդը, որին սպասարկելու համար թերապևտն
ուղղակի բավարար ժամանակ չունի կամ չի հատկացնում: Հաջորդ թերությունն այն է, որ ուղեգիր ստանալուց
հետո թերապևտի մոտ արդեն մեկ անգամ ժամերով հերթի մեջ սպասող քաղաքացին ստիպված է նույնպիսի
հերթ կանգնել արդեն պատվաստման սենյակի մոտ: Դա էլ բավական չէ՝ արդեն պատվաստում ստացած
քաղաքացին երրորդ անգամ է հերթ կանգնում թերապևտի դռան առաջ, որպեսզի գրառում ստանա
պատվաստման հավաստագրում, այնինչ՝ դա կարելի է անել հենց պատվաստման սենյակում: Միջին
հաշվով, մեկ անգամ պատվաստվելը քաղաքացուց խլում է 1-3 ժամ, որի ընթացքում նա ստիպված
է մնալ հերթի մեջ, կրել դիմակ, վիճաբանել և նյարդայնանալ: Իսկ այդ պրոցեսներում, բացի
բուն ներարկումից, ամեն ինչ ձևական է և արհեստական: Քաղաքացիների մոտ բնական հարց է
առաջանում՝ եթե պատվաստումն իրոք անհրաժեշտություն է, ինչո՞ւ է բացակայում բավարար
լրջությունը, ինչո՞ւ է ամենուր թափթփված վիճակ տիրում:
Հաջորդը բուժհաստատություններում առաջարկվող պատվաստանյութերի
տեսականին և առկայությունն է: Որոշ պատվաստանյութերի քաղաքացիները ստիպված են սպասել
օրերով՝ նախապես հերթագրվելով: Դա լրացուցիչ բարդություններ է ստեղծում և՛ քաղաքացու,
և՛ այդ բուժհաստատության համար: Պատվաստման հերթում կանգնած և նախապես հերթագրված քաղաքացիների
մեջ անընդհատ վեճեր են ծագում: Առավել «շուստրիներն» էլ այդ պատրվակով առանց հերթի
են խցկվում պատվաստման սենյակ:
Առավել խնդրահարույց է երկրորդ դեղաչափի պատվաստումը, որովհետև
նշված ժամկետում այն հաճախ բացակայում է: Ամենաթարմ օրինակը «Սինոֆարմի» դեպքն է, երբ
ցուցված ժամկետի վերջում հազարավոր քաղաքացիներ չկարողացան ստանալ այն: Այստեղ պետք
է մեջբերեմ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանը, որտեղ նշվում
է, որ նոյեմբերի 1-ից կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավելի ժամանակահատվածի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բացարձակ հակացուցում չունեցող աշխատողները պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Հակասականն այն է, որ նույն «Սինոֆարմի» դեպքում նվազագույն ժամկետը հայտնի
է, իսկ առավելագույնը՝ անհայտ:
Իսկ հիմա ամենահետաքրքիրը: Նույնիսկ, եթե, թեկուզ որոշակի
ուշացումով, բուժհաստատությունները ինչ-որ պատվաստանյութ են ստանում, հաճախ անմիջապես
չեն կարողանում դրանք իրացնել, այսինքն պատվաստել քաղաքացիներին և դա առողջապահության
կազմակերպման մի չնչին քմահաճույքի պատճառով: Բանն այն է, որ պատվաստանյութը բուժհաստատությունը
մատակարարող կազմակերպությունից ստանում է առանց հաշիվ-ապրանքագրի, չի կարողանում նույն
պահին մուտքագրել պահեստ և իրականացնել պատվաստում, իսկ հաշիվ-ապրանքագիրն օրեր անց
ստանում է առողջապահության նախարարությունից: Այսինքն՝ ապրանքը ֆիզիկապես ունի, բայց
ֆորմալ առումով իրավունք չունի դրանով պատվաստել: Որոշ պոլիկլինիկաներում, քաղաքացիներին
չսպասեցնելու համար, պատվաստում են դեռևս իրենց հաշվեկշռում չգրանցված պատվաստանյութով:
Ստացվում է, որ քաղաքացին ֆիզիկապես պատվաստված է, բայց դրա մասին հավաստիացում ներկայացնել
չի կարող, որովհետև իր ստացած չափաբաժինը ֆորմալ մառումով գոյություն չունի, քանի դեռ
նախարարությունը չի բարեհաճել հաշիվ-ապրանքագիր տալ բուժհաստատությանը:
Հ.Գ.
Այս մանրամասները հնարավոր եղավ հայտնաբերել մեր լրագրողական
հետաքննության ընթացքում: Բայց դրանից ոչ թե հարցերը սպառվեցին, այլ բազմապատկվեցին: