Երեկ, երբ իմացա, որ Իրանը
Ագրբեջանի օդուժի համար փակել է իր երկրի օդային սահմանը, անմիջապես մտածեցի, որ Նիկոլ
Փաշինյանը դա այդպես չի թողնի՝ բա էլ ի՞նչ քիրվա, որ նեղ օրին չհասնի օգնության: Այսօր
դա արդեն իրականություն է՝ Բաքու-Նախիջևան-Բաքու
քաղաքացիական չվերթը իրականացվում է Հայաստանի օդային տարածքով: Համենայն դեպս
ադրբեջանական լրատվամիջոցների այդ տեղեկատվությունը չի հերքվում հայկական կողմից: Իհարկե, քաղաքացիական թվերթը ռազմականի հետ շփոթել պետք չէ, բայց չմոռանանք, որ Գորիս-Կապան ճանապարհին հայ զինվորականներին չեն ժամերով սպասեցնում ու ահաբեկում ադրբեջանական հենակետայինները
Խլուրդին էլ պարզ է, որ Իրանն
իրեն նեղություն է տալիս, բացահայտ առճակատման է գնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ,
որպեսզի չզրկվի Սյունիքով, այսինքն Հայաստանով արտաքին աշխարհին կապող կարևորագույն
լոգիստիկ միջանցքից: Մյուս կողմից Իրանը մնացել է Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող
միակ ռազմավարական նշանակության կապուղին: Վրաստանը հաշվի մեջ չէ, որովհետև դեռևս
44-օրյա պատերազմի ընթացքում նա իր զամաքային և օդային տարածքը փակեց մեր ռազմավարական
բեռների համար: Այսօր էլ վարդի բույր չի տարածում մեր շուրջը, որովհետև բոլոր դիվանագիտռական
լծակներով նպաստում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի քիրվայացմանը, երեկ Թուրքիայի և Ադրբեջանի
հետ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ սկսեց և ռազմական փոխգործակցության
համաձայնագիր ստորագրեց նրանց հետ: Այսինքն այս պահին Իրանն ինչ որ անում է Թուրքիայի
և Ադրբեջանի դեմ, բառացիորեն համընկնում է Հայաստանի ռազմավարական շահերին և դեռ մի
բան էլ դիվանագիտական դեմարշների և նախաձեռնությունների հնարավորություն է տալիս մեզ:
Բայց մենք դիվանագիտական ապուշությունների
«աշխարհի չեմպիոն» ենք և նիկոլական համառությամբ կտրում ենք այն բարակ ճյուղը, որ մեզ
պահում է գահավիժելուց և պետականության վերջնական կորստից: Ամեն օր շունչներս պահած,
լսում ենք նիկոլական չինովնիկիների ելույթներն ու հարցազրույցները, որ հասկանանք, թե
Ալիևի հետ հնարավոր հանդիպման ժամանակ է՛լ ինչ զիջումներ է անելու իրենց շեֆը, բայց
արի ու տես, որ սա առանց ավելնորդ ձևականությունների արդեն «բախշիշներ» է անում Ալիևին:
Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանի առաջ բացելով՝ Փաշինյանը բացահայտ միջանցք է տրամադրում
մեր ոխերիմ թշնամուն, ով դեռ մեկ օր առաջ Մատաղիսից սպառնում էր կրկին մեր գլուխը ջարդել:
Փաշինյանն էլ մեկ օր առաջ հայտարարում էր, որ հակաիրանական ոչ մի գործընթացի չի մասնակցի,
բայց այսօր թիկունքից հարվածում է Իրանին: Այս ինքնուս ավանտյուրիստը կարծում է, թե
ինքը տարածաշրջանային խաղացող է դարձել և կարող է Իրանի հաշվին Ադրբեջանին և Թուրքիային
լավությո՞ւն անել: Ո՞վ է Փաշինյանին հավատացրել, որ Սյունիքը միայն իր նախընտրական
լեզվաշարժությունների տարածքն է: Մի՞թե Իրան այցից հետո Փաշինյանի «արտգործօրթախը»
չհասկացավ ու չբացատրեց, որ Իրանի հետ խաղեր տալը ժավելով չի լվացվում:
Վերջին պատերազմում խայտառակ
պարտությունից հետո Փաշինյանի կառավարությունն ի սպառ վատնել է Հայաստանի սուբեկտայնության
պաշարը, զրկել դաշնակիցներից ու բարեկամներից: Այն ինչ հիմա մեր երբեմնի բարեկամ հարևանները
կատարում են մեր սահմանների մոտ, բացառապես բխում է իրենց ազգային ու պետական շահերից,
իսկ Փաշինյանին երևի թվում է, թե իրեն պարտք են:
Եզրակացությունը միակն է՝
Նիկոլ Փաշինյանը և իր շրջապատն ուղղակի սպասարկում են մեր ազգի ոխերիմ թշնամիների քաղաքական
օրակարգը, դրանով հարցականի տակ են դնում Հայաստանի ինքնիշխանությունը և մեզ փաստացի
կանգնեցնում են նոր ցեղասպանության վտանգի առաջ: