Foto

Տարածաշրջանում այսօրվա գործընթացները կարելի է անվանել Իրանի շրջափակման ամերիկա-իսրայելական ծրագիր

Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի սահմանին ռազմական ուժերի կուտակումն աճում է, սակայն ռազմական գործողությունների բռնկման հավանականությունը բավականին ցածր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Սակայն, եթե « կարմիր գծերը» հատվեն, ապա Իրանին այլ ելք չի մնա, քան պայքարել, բայց նման հավանականությունը փոքր է, եւ Թեհրանի ուղերձները, ամենայն հավանականությամբ, կհասնեն հասցեատերերին: Պատերազմի դեպքում ամբողջ տարածաշրջանը կներգրավվի դրանում, քանի որ դա լուրջ աշխարհաքաղաքական գործընթաց կդառնա»,- ասաց նա:

Նա հիշեցրեց, որ Իրանում բացահայտ հայտարարում են, թե ստեղծված իրավիճակի պատճառը Իսրայելի ներկայությունն է Ադրբեջանի տարածքում, որտեղ գործում են իսրայելական հատուկ ծառայությունների կենտրոնները: Բացի այդ, Իսրայելն արդեն օգտագործում է օդանավակայանները ԱԹՍ-ների արձակման համար եւ հետախուզական գործունեություն է ծավալում Իրանում:

«Իրանա-իսրայելական հակամարտության սրումը կապված է իրանական միջուկային ծրագրի հետ: Տարածաշրջանում, եթե Պակիստանն ու Հնդկաստանը մի կողմ թողնենք, Իսրայելից բացի ոչ մի այլ երկիր միջուկային զենք չունի: ԽՍՀՄ փլուզումից հետո եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Իրանն անցավ իր միջուկային ծրագրի լուրջ իրականացմանը եւ ստեղծեց հրթիռներ, որոնք ունակ են հասնել Իսրայել: Բնականաբար, եթե Թեհրանն ավարտի միջուկային ծրագիրը, դժվար է պատկերացնել, որ այն հարված կհասցնի Իսրայելին: Սպառնալիքն այլ է: Իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում այս ուղղությամբ աշխատանքները կակտիվացնեն նաեւ Թուրքիան (ըստ որոշ աղբյուրների, այստեղ արդեն գաղտնի ռեժիմով աշխատանքներ են տարվում) եւ Եգիպտոսը: Բացի այդ, Սաուդյան Արաբիան, որպես Իրանի աշխարհաքաղաքական թշնամի, հայտարարել է, որ այդ դեպքում ինքը նույնպես միջուկային զենք կստեղծի: Սա խոսում է այն մասին, որ հավասարությունը կապահովվի, Իսրայելը չի համարձակվի միջուկային զենք կիրառել տարածաշրջանի երկրների դեմ: Թեհրանի կողմից նման զենքի տիրապետումը կկապի Իսրայելի ձեռքերը Իրանի հետ դիմակայության ժամանակ:

Տարածաշրջանում այսօրվա գործընթացները կարելի է անվանել Իրանի շրջափակման ամերիկա-իսրայելական ծրագիր: Այս նախագծի շրջանակներում Իրանը կարող է հարված ստանալ հյուսիսից (երկրի ամենապաշտպանված հատվածից)՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից (վերջինս գտնվում է Իսրայելի ազդեցության տակ եւ պետք է շնորհակալություն հայտնի Արցախում պատերազմի ժամանակ ցուցաբերած օգնության համար):

Ավելի քան 10 տարի Ադրբեջանի կողմից հետախուզական աշխատանքներ են տարվում Իրանի տարածքում, սպանվել են միջուկային ծրագրի երկու ղեկավարներ, եւ այս առումով որոշակի գործընթացներ կապված են Ադրբեջանի հետ: Բացի այդ, 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ իսրայելական անօդաչու թռչող սարքերը հետախուզական թռիչքներ էին կատարում դեպի Իրան:

Ջոն Բոլթոնը (ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական - խմբ.) 2018 թվականին տարածաշրջան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ հայերը պետք է տարածքներ հանձնեն Իրանի հյուսիսում: Այսինքն, այն, ինչ կատարվում է, գլոբալ ծրագիր է: Պատահական չէ, որ Արցախում պատերազմը սանձազերծվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի լիազորությունների ավարտից երկու ամիս առաջ:

Այսինքն՝ իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրման հիմնական պատճառը իրանական միջուկային ծրագիրն է, իսկ արցախյան պատերազմը կարելի է համարել այս խնդիրը լուծելու միջազգային նախագիծ: Այս առումով Իրանը հայտարարեց հարեւան երկրների սահմանները փոխելու անթույլատրելիության մասին՝ նկատի ունենալով Սյունիքում տեղի ունեցող գործընթացները»,- ընդգծեց Դանիելյանը:

Փորձագետի խոսքով՝ ռազմական տեխնիկայի տեղաշարժը կիրականացվի Սյունիքով, եթե այդ գործընթացը չվերահսկվի Հայաստանի կամ Ռուսաստանի կողմից:

«Իրանը հիշում է երկրի հյուսիսում ադրբեջանական բազմամիլիոն բնակչության մասին եւ պատերազմի ժամանակ հանրահավաքների մասին, որոնց ընթացքում թուրքական աշխարհի թշնամիներ էին հայտարարվում հայերը, ռուսները եւ պարսիկները»,- եզրափակեց նա: