Foto

ՉԵ՛Մ ՀԱՎԱՏՈՒՄ կամ մի քանի հարց ԶՊՄԿ 60%–ի վերաբերյալ

«Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ն այս տարվա սեպտեմբերի 30֊ին ձեռք էր բերել ԶԱնգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%֊ը և անմիջապես դրա 25% բաժնետոմսերը (ԶՊՄԿ 15%–ը) նվիրաբերել ՝ ՀՀ կառավարությանը։ Առաջին հայացքից վատ չէ, եթե հաշվի առնենք, որ մինչև հիմա Հայաստանում շահագործվող որ մի հանքում կառավարությունը մասնաբաբաժին չի ունեցել և բավարարվել է միայն շահագործումից գոյացող հարկերով։ Սակայն հենց հիշում եմ, որ այդ հանք շահագործողներից ամենախոշորներից մեկը հենց «Գեոպրոմայնինգ Արմենիան» է, անմիջապես հարց է ծագում՝ ինչո՞ւ այդ ընկերությունն առաջ այդքան բարեհաճ չէր կառավարության նկատմամբ։ Ինչո՞ւ է հիմա՛ այդքան բարեհաճ, երբ այդ նույն կառավարությունը մեկ տարի առաջ, առանց աչքը թարթելու, ադրբեջանցիներին հանձնեց «Գեոպրոմայնինգի» Սոթքի ոսկու հանքի մեծ մասը։ Անմիջապես առաջանում է հաջորդ հարցը՝ գուցե ԶՊՄԿ–ում 60% բաժնետոմս ձեռք բերելը ՀՀ կառավարության փոխհատուցո՞ւմն էր «Գեոպրոմայնինգին»։ Բայց այստեղից նոր հարց է ծագում՝ ո՞ւմ հաշվին։ Դժվար թե պղնձի շուկայական գնի բարձրացման պայմաններում կոմբինատի որևէ բաժնետեր այդքան հեշտությամբ հրաժարվեր 60%–ից։ Այստեղից հերթական հարցը՝ իսկ գուցե այդ բաժնետերը սեփական հոժար կամքով չէ՞, որ հրաժարվում է իր բաժնեմասից։ Այդ դեպքում ի՞նչը կամ ո՞վ է ստիպել այդ բաժնետիրոջը կամ բաժնետերերին հրաժարվել շահութաբեր բիզնեսից։

Հիմա մի փոքր տրամաբանենք՝ ովքե՞ր էին ԶՊՄԿ բաժնետերերը, ի՞նչ քաղաքական թիմի են սատարել և սատարում 2018–ի «թավիշից» հետո, վերջին ընտրությունների քարոզարշավի ընթացքում Փաշինյանի չագուճ ճոճելն ու բոլորին «շինելու» անհագուրդ մոլուցքը, և ահագին բան կարող է իր տեղն ընկնել։

Եթե ես մի քիչ թերահավատ ու վատատես լինեի, անմիջապես կմտածեի, որ գործ ունենք սովորական ռեյդերության կամ պետական ռեկետի հետ։ Այսինքն Փաշինյանն իր քաղաքական ընդդիմախոսներից խլել և մեկ այլ՝ իրեն առավել լոյալ, ընկերությանն է հանձնել այդ խլված բիզնեսը, իր մեղով թշնամուն հանձնված բիզնեսի փոխարեն։ Բայց, քանի որ լավատես եմ, ցանկանում եմ հավատալ, որ դեռևս գոյություն ունեն տոլստոյականներ, ովքեր Փաշինյանի կառավարությանն արքայական նվերներ են մատուցում՝ ի բարօրություն հայ ժողովրդի։ Սակայն այստեղ էլ հիշում եմ 44–օրյա պատերազմի օրերին սփյուռքի ու մեր քաղաքացիների տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցումները «Հայաստան» համահայկական հիմնադրամին, թե ինչպես դրանք «մթության քողի տակ» սղղացին պետբյուջե, վերածվեցին քպականների պարգևավճարների և ուզում եմ Ստանիսլավսկու առոգանությամբ գոռալ՝ ՉԵ՛Մ ՀԱՎԱՏՈՒՄ։

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան