«Փաստ» օրաթերթը գրում է
Պատերազմից ոչ միայն հնարավոր էր խուսափել, այլև պատերազմ գոյություն չուներ: Այսինքն, տևական ժամանակ էր, ինչ գոյություն ուներ խաղաղ բանակցային գործընթաց, և գոյություն ուներ միջազգային հանրության հաստատուն մոտեցում առ այն, որ ԼՂ խնդիրն ընդամենը մեկ լուծում ունի. խոսքը խնդրի խաղաղ հանգուցալուծման մասին է: Անդրադառնալով 44-օրյա պատերազմից խուսափելու հնարավորություններին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
«Իր անհեռատես և անմիտ քաղաքականությամբ, գործողություններով ու հայտարարություններով պատերազմը բերել է անձամբ Նիկոլ Փաշինյանը: 2018 թ. իշխանափոխությունից հետո խաղաղ բանակցային գործընթացն ընդհատվել է Նիկոլ Փաշինյանի պատճառով: Նա բանակցային գործընթացից դուրս է եկել 2018 թ. մայիսին՝ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը, երբ արդեն մայիսի 9-ին Արցախում հայտարարեց, որ չի կարող բանակցել Արցախի անունից, Արցախն ինքը պետք է մասնակցի բանակցություններին, որովհետև այնտեղի բնակիչներն իրեն նման մանդատ չեն տվել: Ընդ որում, այդ հայտարարությունն արեց ոչ թե մինչ այդ ունեցած դիվանագիտական հաջողությունների արդյունքում, այլ ուղղակի, առանց որևէ մեկի հետ խոսելու, քննարկելու այդ գաղափարը»,-ասել է Էդգար Ղազարյանը։
Նախկին դեսպանի հանոզմամբ Փաշինյանը զրոյացրեց ոչ միայն հայկական կողմի իրական ձեռքբերումները, որոնց արդյունքն իրական խաղաղությունն էր և այդ պայմաններում ՀՀ և ԱՀ զարգացումը, այլև զրոյացրեց ամբողջ միջազգային հանրության աշխատանքը՝ հակադրվելով նաև միջազգային հանրությանը: Նրանք հասկացան, որ Հայաստանի տեսակետները դարձել են ամենախոցելին բանակցային գործընթացի ողջ պատմության մեջ, ՀՀ իշխանությունները կարողացել էին փչացնել, ուղղակի խայտառակության վերածել հայ-ռուսական հարաբերությունները: Բացի այդ, ՀՀ ղեկավարը չէր կարողանում կառավարել պետությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում