Շուրջ 2 օր է մամուլում
շրջանառվում են այն լուրերը, որ գործարար Սամվել
Ալեքսանյանը սեպտեմբերի 12-ին՝ կիրակի օրը, այցելել է ԵՊՀ և ուսումնասիրել է մասնաշենքերի նկուղները։ Թե ի՞նչ նպատակով՝ տարբեր
աղբույրներ տարբեր տեսակետներ են հնչեցնում ՝ բուֆետ կառուցելուց միչև դիակիզարանների
հիմնում։ Լուրի իսկությունը ճշտելու և այցի
նպատակները հստակեցնելու համար Vesti.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար
Հովհաննես Հովհաննիսյանին։ Հարցման մեջ ներառվել են հետևյալ հարցերը՝
1․ Արդյո՞ք 2021թվականի սեպտեմբերի 12-ին՝ կիրակի օրը, գործարար Սամվել
Ալեքսանյանն այցելել է ԵՊՀ, ուսումնասիրել
մասնաշենքերի նկուղները, մասնավորապես՝ մաթեմատիկայի ֆակուլտետինը։
2․ Եթե եկել է, ապա խնդրում եմ նշել այցի նպատակը։
3․ ԵՊՀ-ն որևէ համագործակցություն նախատեսո՞ւմ է գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։
Գրությանն ի պատասխան ԵՊՀ ռեկտորը հայտնել է․ «ԵՊՀ ղեկավարությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում ակադեմիական, գործարար շրջանակների հետ՝ ԵՊՀ ենթակառուցվածքների, միջավայրի փոփոխության և առավել ուսանողակենտրոն և մարդակենտրոն մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ ԵՊՀ-ն պատրաստ է համագործակցել յուրաքանչյուր կազմակերպության և անհատի հետ՝ ի շահ ԵՊՀ դասախոսների և ուսանողների»։ Այսինքն, հայտնում են, որ պարբարբար հանդիպում են ակադեմիական և գործարար շրջանակների հետ։
Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան, այդ պատասխանը տալու համար լրատվականը
Ձեզ պետք է հարցրած լիներ՝ ԵՊՀ-ն համագործակցո՞ւմ է ակադեմիական կամ գործարար շրջանակների
հետ։ Vesti.am-ը, սակայն նման ձևակերպմամբ
հարց չէր ուղղի և ոչ մի կառույցի, քանի որ հստակ տարանջատում է ակադեմիական և գործածար
շրջանակը։ Բացի այդ, մի՞թե ԵՊՀ ղեկավարությունն իր կողմից վկայակոչած հանդիպումներն անց է
կացնում ոչ աշխատանքային օրերին և ժամերին։
Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան, շարունակելով բարդ ստորադասական
նախադասությունը նշել եք՝ «․․․ ԵՊՀ ենթակառուցվածքների,
միջավայրի փոփոխության և առավել ուսանողակենտրոն և մարդակենտրոն մթնոլորտ ստեղծելու
համար»։ Ինչո՞վ են ԵՊՀ-ում միմյանցից տարանջատում ուսանողներին ու մարդկանց։
Եվ ամենակարևորը Vesti.am-ը կոնկրետ հարցնում է․ «Արդյո՞ք 2021թվականի սեպտեմբերի 12-ին՝ կիրակի օրը, գործարար Սամվել
Ալեքսանյանն այցելել է ԵՊՀ՝ ուսումնասիրել
մասնաշենքերի նկուղները, մասնավորապես՝ մաթեմատիկայի ֆակուլտետինը»։ Այս պարզունակ հարցը ենթադրում էր նույնքան պարզունակ պատասխան՝ այո կամ ոչ։
Ի դեպ, հարցմամբ Ձեզ դիմելիս, լրատվականը օգտագործել էր կոչականի կետադրությունը։
Հ․Գ․ Այնուամենայնիվ, հեռախոսակապի միջոցով լրատվականը փորձեց կապ հաստատել և ստանալ իր հարցերի պատասխանները, որին ի պատասխան հարցման կատարող Լիլիթ Ղազարյանն ասաց,
որ նորից խոսել է ռեկտորի ԺՊ Հովհաննես Հովհաննիսյանի հետ և վերջինս փոխանցել է,
որ մեր հարցման պատասխանը դա է։
Կից ներկայացնում ենք հարցման
պատասխանը։