Foto

Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորի մանդատը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 21-ին, «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը բավարարելու որոշում կայացրեց։

Հիշեցնենք, որ պաշտպանները դատարանին միջնորդել են Չարչյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։ Պաշտպանները պնդում են, որ Չարչյանի՝ կալանքի տակ մնալու հիմքերը բացակայում են։

Դատարանի այս որոշումն անսպասելի էր պաշտպաններ Արամ Վարդևանյանի և էրիկ Ալեքսանյանի համար։ Նրանք դատարանի այս վարքագիծը համարում են պրոֆեսիոնալ։ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փաստաբաններից կարելի է հարցնել, թե ինչպես են արդարադատություն իրականացնում Չարչյանին կալանավորող և այդ որոշումն ուժի մեջ թողնող դատավորները և խափանման միջոցը փոխող դատավոր Վահե Միսակյանը։ 

Էրիկ Ալեքսանյանն էլ հավելեց՝ Արդարությունը հիվանդանում է բայց չի մահանում։ Նաև նշեց, որ պրոֆեսոր Չարչյանը լավ տրամադրություն ունի և ունեցել է հենց առաջին օրվանից։ 

Դատարանը Չարչյանի ազատ արձակման գրավի չափ է սահմանել 15 մլն դրամը, թեև պաշտպաններն առաջարկել էին 10 մլն դրամ։ Գրավը  վճարելուց հետո, նա անհապաղ ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Արամ վարդևանյանն իր խոսքում նշեց, որ Չարչյանը վերցնելու է պատգամավորական իր մանդատը։

Հեղինակ: Աննա Ավետիսյան