Foto

Հայաստանը պետք է ասիմետրիկ պատասխան տա

Հայ-ադրբեջանական սահմանին կրկին զորավարժություններ են։ Այս անգամ այն եռակողմ է՝ Թուրքիային և Ադրբեջանին է միացել նաև Պակիստանն՝ իր կործանիչ ավիացիայով։ Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետ։

-          Ի՞նչով է առանձնանում այս զորավարժությունը։

-          Առաջին անգամ Պակիստանը ներկայանում է սեփական կործանիչներով, ինչը կարևոր ահազանգ է Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի համար։ Պակիստանը միակ երկիրն է, որ չի ճանաչում Հայաստանի հանրապետությունը, որպես պետություն և ունի միջուկային ահռելի զինանոց։ Ամիսներ առաջ Թուրքիայի Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմավարական համաձայնագրեր են ստորագրվել, իսկ այս զորավարժությունները դրա տրամաբանական շարունակությունն են։ Սա ՀՀ-ի համար լուրջ սպառնալիք է։ 44 օրյա պատերազմում Պակիստանի հատուկ նշանակության զորքերը ներկա էին՝ պատրաստում էին Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերին։ Պակիստանյան կործանիչները շուտով ձեռք են բերվելու Ադրբեջանի կողմից։ Բացի այդ հաշվի առնենք, որ Պակիստանի ռազմարդյունաբերության նախարարը տարիներ առաջ հայտարարել է, որ Ադրբեջանն իրենց ռազմավարական դաշնակիցն է և պատրաստ են սպառազինություն մատակարարել։

-          Ի՞նչ զուգահեռներ կարող ենք տանել 44 օրյա պատերազմից առաջ մեկնարկած զորավարժությունների և սրա միջև։

-          Սեպտեմբերի 27-ից առաջ ավելի մասշտաբային զորավարժություններ էին։ Այն ժամանակ հստակ էր, որ պատերազմ անխուսափելի էր։ Հիմա միայն ռազմաօդային զորավարժանքներ են, այն ժամանակ նաև բոլոր ուժերն էին ներգրավված, սակայն չի կարելի ասել, որ պատերազմի վտանգ չկա։ Այսօր Բաքվում  Թուրքիան և Ադրբեջանը նաև երկկողմ առանձին զորավարժություններ են սկսել, որոնք տևելու են 3-4 օր։

-          Մինչ պատերազմը և պատերազմից հետո զորավարժություններն իրենց քանակով աննախադեպ են։ Ինչո՞վ է այն պայմանավորված։

-          Զորավարժություններն ընդհանրապես կյանքի են կոչված պատրաստվելու գալիք պատերազմին։ Ես չեմ ուզում վախեցնել, բայց կա գալիք պատերազմի հավանականություն, իսկ  դրա համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ Զորավարժություններն աննախադեպ են դարձել, քանի որ պետք է հիշնեք Ալիևի մի քանի ամիս առաջ արած  արտահայտությունն այն մասին, որ եթե Զանգեզուրի միջանցքը հայերը չտրամադրեն, ապա իրենք դա կբացեն ռազմական ճանապարհով։ Զորավարժություններով ուզում են նաև հեգեպես ազդել ՀՀ ռազմական ղեկավարոության վրա։

-          Այստեղ քաղաքական մեսիջ կա՞։

-          Այո՛, իհարակե։ Այդ կերպ ուզում են հասկացնել, որ եթե չտաք միջանցքն ու անկլավներն, ապա կվերցնենք ուժով։  Եվ նրանք իրոք պատրաստվում են հարցը լուծել ուժով։ Սրանից ավելի պարզ հաղորդագրություն չի լինում։ Նման հաղորդագրություն կար նաև սեպտեմբերի 27-ից առաջ։

-          Ի՞նչ հակառակ մեսիջ ՀՀ-ն կարող է ուղղել Ադրբեջանին։

-          Հայաստանը միայնակ չի կարողանա դիմակայել, հետևաբար գտնում եմ, որ Հայաստանը պետք է տա ասիմետրիկ պատասխան։ Դա ՌԴ-ն է և Իրանը։ ՀՀ-ն պետք է կարողանա վերականգնել փոխադարձ վստահությունը, որն այս պահին չկա։ Իրանը և Ռուսաստանը չեն վստահում ՀՀ-ին։ ՀՀ-ն այս պահին պռոարևմտյան քայլեր է անում Եվրամիությանը հաճոյանալու համար, ինչը Իրանին դուր չի գալիս: Բայցի այդ ՀՀ-ն որոշ հարցերում ՌԴ-ին մեջքից հարվածեց։ Լուծումը ՌԴ-ի հետ համատեղ ռազմաբազա հիմնելն է։ Սա կլինի համարժաեք պատասխան։

Հեղինակ: Աննա Ավետիսյան