Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Կոմերսանտ»-ին ասել է, որ Մոսկվայի համար նշանակություն չունի՝ կմասնակցի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի հստակեցման գործընթացին, թե՞ ոչ: Զրույցը տեղի է ունեցել Կազանում «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի՝ Կենտրոնական Ասիային նվիրված համաժողովի շրջանակներում:
«Մեզ համար գլխավորն այն չէ, թե քանի մասնակից կա այս գործընթացում, այլ արպեսզի այն լուծվի որքան հնարավոր է արագ եւ խաղաղ ճանապարհով»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Բաքվի հայտարարություններին այն մասին, որ սահմանի հստակեցումը պետք է իրականացվի երկկողմ կարգով: «Մեր խնդիրն է կողմերին միմյանց հետ շփման բերել: Եթե նրանք կարողանան հարցը լուծել երկկողմ կարգով, մենք միայն կողմ կլինենք»,- պարզաբանել է պարոն Ռուդենկոն:
Նա նաեւ շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, «վերաբերում էր միայն Լեռնային Ղարաբաղին եւ չէր վերաբերում Ադրբեջանի եւ Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը եւ սահմանագծմանը». «Տեղ գտած միջադեպը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հետ: Ուստի ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող որեւէ դեր ունենալ այս հարցում»:
Ամեն դեպքում, Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարի կարծիքով, այս աշխատանքի արդյունքը «պետք է դառնա պետական սահմանի վերաբերյալ համաձայնագիրը, որը չկա եւ երբեք չի եղել»: