Foto

Ֆրանսիայի Սենատի նախագահը երկրի իշխանությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել երկրի իշխանություններին քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ` Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի աճի ֆոնին: Տեղեկությունը հրապարակվել է հանրապետականների Twitter-յան էջում։

Լարշեն ելույթ է ունեցել` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին։

«Ադրբեջանն ավելացնում է Հայաստանի դեմ սադրանքները։ Մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ հատել են Հայաստանի սահմանը։ Դուք, ի վերջո, ե՞րբ պետք է անցնեք դիվանագիտական հայտարարության, դիվանագիտական գործողությունների»,–ասել է Լարշեն։

​ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ սյունիքյան սրացումների հետ կապված` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է` պատրաստ է Հայաստանին նաև ռազմական աջակցություն ցուցաբերել։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Այսօր` մայիսի 19–ին, ադրբեջանական կողմը չէր ներկայացել բանակցություններին։