Սահմանի այն հատվածներում, որտեղ դեռևս համաձայնեցված չէ սահմանագծումը, զինվորականների տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ գործողություններ են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ զրույցներում։Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 17-ին կայացած խոսակցությունների ընթացքում Սալիվանը մտահոգություն է հայտնել սահմանային լարվածության աճի կապակցությամբ:
Բայդենի խորհրդականը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման հարցում:
Սալիվանը ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող երկխոսությունը և այդ հարցի խաղաղ կարգավորման հարցում երկու առաջնորդների հանձնառությունը:
Բացի այդ, նա ընդգծել է երկրների միջև պետական սահմանի սահմանագծման վերաբերյալ պաշտոնական քննարկումների անցկացման անհրաժեշտությունը:
Սալիվանը զրուցակիցներին հայտնել է նաև Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, տարածաշրջանային հաշտության հասնելու հանձնառության մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի` մայիսի 19-ին կայանալիք նիստին։