Foto

Այվազյանն ու Լավրովը դիտարկել են ԼՂ հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին հանդիպում ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Կայացած առանձնազրույցի ընթացքում արտգործնախարարները դիտարկեցին ԼՂ հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է նաև հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև հունվարի 11-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքն ու առկա զարգացումները: Այս համատեքստում նախարար Այվազյանը շեշտեց ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը:

Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը:

Արտգործնախարարները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-ռուսական դաշնակցային համագործակցության երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, բարձր մակարդակով շփումների առաջիկա ժամանակացույցին:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին բազմակողմ ձևաչափում փոխգործակցության շուրջ: