1:0, 1:2, 3:2. դա մի տեսարան էր, որը հնարավոր չէ պատկերացնել առանց տեսնելու: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլերում պատմության մեջ առաջին անգամ 2 հաղթանակով մեկնարկած Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց նաև երրորդ խաղում:
ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Ռումինիայի հավաքականին և ֆանտաստիկ հաղթանակ տարավ 3:2 հաշվով: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում, իսկ վերջնամասը ստացվեց գերդրամատիկ:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իսլանդացիների դեմ 3 օր առաջ կայացած խաղի համեմատ մեկնարկային կազմում կատարել էր 4 փոփոխություն և դարձյալ ընտրել էր 4-4-2 տակտիկական սխեման:
Ռումինացիներն ավելի ակտիվ սկսեցին խաղը և սկզբնամասում ունեին նկատելի տարածքային առավելություն: Հայաստանի հավաքականը խաղում էր երկրորդ համարով, բայց վտանգավոր հակագրոհներ անցկացնել չէր հաջողվում մեկնարկում:Երկրորդ խաղակեսում խաղադաշտում բաց ֆուտբոլ էր ընթանում, ինչն օգտագար եղավ դաշտի տերերի համար: Հակագրոհի արդյունքում աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը, որն ազգային թիմում նորամուտը նշեց գոլով՝ 1:0:
61-րդ րոպեին տանտերերը կարող էին կրկնապատկել առավելությունը: Ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում Սարգիս Արդամյանը գլխով շեղեցի գնդակի ուղղությունը, և հյուրերի դարպասապահը մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակը: Ռումինացիների մոտ ոչինչ չէր ստացվում առջևի գծում, սակայն 62-րդ րոպեին հաշիվը հավասարվեց: Աչքի ընկավ Ալեքսանդրու Չիկուլդեուն:
Բաց թողած գոլից հետո Հայաստանի հավաքականը դարձյալ նահանջեց և սպասում էր իր շանսիրն, իսկ ռումինացիները դարձյալ ստացան տարածքային առավելություն:
72-րդ րոպեին Ռումինիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Եզրային գրոհը գլխի հարվածով եզրափակեց Ալեքսանդրու Չիկուլդեուն՝ դառնալով դուբլի հեղինակ:
77-րդ րոպեին հյուրերը մնացին 10 խաղացողներով: Երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց անգլիական «Ռեդինգի» հարձակվող Գեորգե Պուշկաշը:
81-րդ րոպեին Ռումինիայի հավաքականը կորցրեց իրական գոլային պահ՝ չկարողանալով օգտվել հայ ֆուտբոլիստների կոպիտ սխալից: Մեկ րոպե անց Ժիրայր Շաղոյանը վտանգավոր հարվածով սպառնաց մրցակցի դարպասին, իսկ վայրկյաններ անց Սարգիս Ադամյանը կորցրեց 100 տոկոսանոց գոլային պահ: Հայաստանի հավաքականն աստիճանաբար մեծացնում էր ճնշումը, բայց գոլ խփել չէր հաջողվում: 86-րդ րոպեին Սարգիս Ադամյանը կորցրեց ևս մեկ գոլային պահ:
Այն, ինչ չէիր ստացվում հայկական թիմի առջևի գծի խաղացողների մոտ, ստացվեց կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի մոտ: Հայաստանի հավաքականի ավագը 87-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ 2:2:
Դաշտի տերերը չէին դադարում գրոհել, իսկ 88-րդ րոպեին ստացան նաև 11 մետրանոց հարվածի իրավունք: Գնդակին մոտեցավ Տիգրան Բարսեղյանը և վստահորեն գրավեց դարպասը՝ 3:2:
Չնայած լարված վերջնամասին՝ Հայաստանի հավաքականը պահպանեց հաղթական հաշիվը և տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը`9 միավորով գլխավորելով J խմբի մրցաշարային աղյուսակը։
Անպարտելի շարքը 8 խաղի հասցրած Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային: Այդ խաղից 3 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կհյուրընկավի Գերմանիային, իսկ սերպեմբերի 8-ին տնային հանդիպում կանցկացնի Լիխտենշտեյնի հետ:
ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երրորդ տուր
J խումբ
Հայաստան - Ռումինիա՝ 3:2 (տեսանյութ)
Էդուարդ Սպերցյան, 56, Վարազդատ Հարոյան, 87, Տիգրան Բարսեղյան, 89 (11մ) – Ալեքսանդրու Չիկուլդեու, 62, 72
Հեռացում՝ Գեորգե Պուշկաշ, 77 (Ռումինիա)
Հայաստան․ Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան (Էդուարդ Սպերցյան, 46), Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան (Սոլոմոն Ուդո, 90+3), Նորբերտո Բրիասկո Բալեկյան (Սարգիս Ադամյան, 46), Ալեքսանդր Կարապետյան (Ժիրայր Շաղոյան, 46):
Դավիթ Եղիազարյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան
Աղբյուրը՝ sport.news.am