Foto

Կառավարությունը կշարունակի արցախցի քաղաքացիներին ֆինանսական օժանդակության տրամադրումը

Կառավարության որոշմամբ աջակցություն կցուցաբերվի Շիրակի մարզի սոցիալապես անապահով, ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքներին: Հիմնավորման համաձայն՝ Շիրակի մարզը ՀՀ-ում ամենախիստ բնակլիմակայական պայմաններ ունեցող մարզն է, ուր բավականին մեծաթիվ են նաև ոչ հիմնական շինություններում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքները։ Ըստ այդմ, առաջարկվում է հանձնարարել Շիրակի մարզպետին պետբյուջեից տրամադրված դրամական միջոցների հաշվին առուվաճառքի պայմանագրով վառելափայտ ձեռք բերել «Հայանտառ» ՊՈԱԿ-ից, կազմակերպել յուրաքանչյուր ընտանիքին մեկական խոր․մ վառելափայտի տրամադրումը, նախարարության տրամադրած ցուցակների հիման վրա։

Գործադիրն առաջիկայում գրավոր ընթացակարգով կընդունի սոցիալական ոլորտի ևս երկու որոշում: Նախագծերից մեկը վերաբերում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում լրացումներ կատարելուն: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, արդյունքում՝ այդ ցանկում կներառվեն նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ևս 39 համայնքներ, ընդհանուր առմամբ համայնքների թիվը կկազմի 77: Այդ համայքների բնակիչները ստանում են օրենքով սահմանված աջակցություն՝ անշարժ գույքի հարկի ամբողջական, կոմունալ վճարների՝ 50 տոկոս փոխհատուցում, դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության ընդհանուր ռազմավարությունն այնպիսին պետք է լինի, որ սահմանամերձ համայնք լինելը զարգացման խոչընդոտ չնշանակի. «Մեր ռազմավարությունն այն է, որ անվտանգային առումով սահմանամերձ գյուղ լինելը չնշանակի զարգացման խոչընդոտ, դա լինի ոչ թե թերություն, այլ դառնա առավելություն»:

Մյուս որոշման նախագիծը վերաբերում է Արցախի քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելուն: Որոշման ընդունման պարագայում մարտից ևս 4 ամսով Արցախի քաղաքացիներին՝ յուրաքանչյուր անձի, կտրամադրվի 68 հազար դրամ աջակցություն: Ծրագրի շահառու չեն հանդիսանա արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք, որոնք օգտվում են աշխատանքի խրախուսման այլ միջոցառումներից:

Ամփոփելով կառավարության նիստի աշխատանքները՝ վարչապետը նշել է, որ այսօր ընդունած միջոցառումների մի մասը ևս բխում է նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզից. «Մենք շարունակելու ենք հետևողական իրականացնել այդ ճանապարհային քարտեզը»: