«Ինձ համար անհասկանալի են Շուշիում լիքը բաներ։ Ամսի 6-ին ես եղել եմ Շուշիում, 6-ից հետո՝ 7-ին, 8-ին և 9-ին տրամագծորեն մի քանի անգամ իրավիճակը կտրուկ փոխվել է Շուշիում՝ ըստ Պն տեղեկությունների»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ չափազանց շատ հարցեր կան, որոնք մտահոգում են։ «Չափազանց շատ հարցեր կան, բայց առաջին հերթին կազմակերպման, պատերազմավարման, մարտավարության, կոնկրետ անձանց գործողությունների, նկատի ունեմ զինվորականների»,- հավելեց նա։
Հովհաննիսյանն ասաց, որ ինքը 44 օրյա պատերազմի ընթացքում տեղեկություններն ստացել է բացառապես ՊՆ-ից ու ՊԲ-ից։ «Մենք ուզում ենք անմիջապես գտնել ճշմարտությունը, ուսումնասիրել է պետք։ Պատերազմից անցել է 3-4 ամիս, ես ամեն օր ուսումնասիրում եմ առանձին դրվագները՝ դրվագ առ դրվագ, բայց բաներ կան, որ իմ ուղեղում էլ չեն տեղավորվում, լիքը մարտական դրվագներ»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա անդրադարձավ իր հասցեին հնչած քննադատություններին, թե պատերազմի օրերին ասում էր՝ «Հաղթելու ենք»։ «Ես որպես զինվորական մինչև վերջին օրը պարտավոր էի հավատալ ու հավատում էի։ Հավատալու հիմքը կազմում են այն նույն տղաները, որոնց կենացը դուք ամեն օր խմում եք ու ասում, որ իրենք դուխով են կռվել, հերոսաբար են կռվել։ Դա կանոնավոր զենքն է, միջին սպայական կազմը։ Որ օրը ես բրիֆինգի ժամանակ խոսել եմ տխուր, անմիջապես ստացել եմ զանգեր զորքերից, հատկապես այնտեղ, որտեղ վիճակը ծանր է եղել, սպաներից ստացել եմ զանգեր, որ՝ խնդրում ենք, եթե նույնիսկ պատերազմը վաղը իրիկունը պետք է կանգնի, առավոտ մենք զորքին քո տված ոգով տանում ենք մարտի, դուխ տուր»,- հավելեց նա։