Foto

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

Արցախի Հանրապետության նախագահի հետ քննարկումներ են եղել, որպեսզի ապագայում դասալիքները՝ լինի պետական պաշտոնյա և ոչ՝ պաշտոնյա, որևէ պետական բարձրաստիճան պաշտոն չզբաղեցնեն: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ առցանց «Բաց զրույց»-ի ժամանակ:
 
 «Տեղյակ եք,  որ այդ պատճառով անցած տարվա նոյեմբերի սկզբին Արցախի Հանրապետության նախագահի հրամանով՝  տարբեր բարձրաստիճան պետական պաշտոնյաներ,  ազատվել են աշխատանքից: Հրապարակվել են նաև նրանց անունները: Կարծեմ՝  նախքան այդ,   և հետո, նույնպես մի շարք պաշտոնանկություններ են եղել: Ուղղակի շատ կարևոր է, որպեսզի հստակեցվեն սկզբունքները և անարդար որոշումներ չկայացվեն: Այնպես չստացվի, որ ինչ-որ մեկն  իրականում դասալիք չի եղել՝   ռեալ օբյեկտիվ պատճառ  է  ունեցել   մի քանի օր Հանրապետությունից  բացակայելու համար,  և նրա նկատմամբ անարդար որոշում է կայացվել: Դեռևս, երբ գտնվել եմ  Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում, տեղյակ եմ եղել   պետական համակարգում և մասնավոր հատվածում աշխատանքից զանգվածային կերպով ազատելու դեպքերի, որոնց մի մասն առնվազն, իմ կարծիքով,  արդարացի չի եղել: Որոշ դեպքերում աշխատանքից ազատելու որոշումները  զանգվածային բնույթ են կրել, երբեմն պատշաճ ընթացակարգերով  չեն ստուգվել տեղեկությունները և անարդար որոշումներ են կայացվել:

Այս առումով բավականին շատ օրենսդրական, իրավական խնդիրներ կան: Տեղյակ եմ, որ նման շատ դեպքերի վերաբերյալ արդեն դատական հայցեր են ներկայացվել տարբեր մարմինների դեմ: Կարծում եմ, որ սա հասունացած  լուրջ խնդիր է և պետք է  համապատասխան ուսումնասիրության ենթարկվի, որպեսզի արդարացի որոշումներ կայացվեն: Մի կողմից՝ չխրախուսվեն դասալիքները, մյուս կողմից՝  չտուժեն և հանիրավի  պատասխանատվության չենթարկվեն ոչ դասալիքները: Այդուհանդերձ,  եթե  դասալքության համար օրենսդրությունը նախատեսում է պատասխանատվություն , ապա պետք է բացառապես այդ միջոցները կիրառվեն: Ավելորդ կամ հանիրավի  միջոցներ չպետք է կիրառվեն: Պետք նաև  գիտակցել, որ  աշխատանքից ազատելը,  հատկապես այս պահին,  որոշակի  սոցիալական նշանակություն ունի:  

Խնդիրը պետք է դիտարկել ու հասկանալ նաև այն տեսանկյունից, որ մենք   ցանկանում ենք, որպեսզի մեր քաղաքացիներն այստեղ ապրեն ու  շարունակեն իրենց կյանքը: Այս պարագայում՝  որքանով է ճիշտ նրանց  աշխատանքից ազատելը: Խոսքը չի վերաբերում զինապարտ քաղաքացիների դասալքությանը, այլև ՝ պետական ծառայություն իրականացնող այն  անձանց, որոնք զինապարտ չեն եղել: Դեռևս հստակ թվեր չունեմ, բայց  բավականին շատ զինապարտ  քաղաքացիներ  փաստացի   դասալիք են եղել: Այդ առումով կան՝ իրավապահ մարմիններ, պաշտպանության բանակ, զինկոմիսարիատներ, որոնց կանչին չներկայացածների նկատմամբ, իմ կարծիքով,  պետք է օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության  միջոցներ կիրառվեն: Այս առումով,  եթե քաղաքական որոշումների խնդիր առաջանա, անձամբ նույնպես պատրաստ եմ իմ կարծիքը հայտնել: