Կրթությամբ որպես միջազգայնագետ-պատմաբան սովորություն ունեմ
պատմական զուգահեռներ անցկացնել իրադարձությունների միջև: Այսօրվա իրավիճակը շատ
բանով հիշեցնում է 1920 թվականի դեկտեմբերի սկիզբը, երբ Հայաստանի վարչապետ Խատիսյանը
Թուրքիայի հետ պատերազմում պարտությունից հետո ստիպված ստորագրում էր
Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Իհարկե, որոշ երևույթներ հիմա այլ բնորոշիչներ ունեն,
բայց բովանդակությամբ նույնն են և զուգահեռները տեղին են:
Այսպիսով.
·
«Ալեքսանդարպոլով» պատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև
հայտարարվում էր ավարտված։ Հիմա, թեև ընդամենը մարտական գործողություններն են
դադարեցված, բայց Հայաստանի իշխանությունների վարքագիծը հուշում է, որ պատերազմը
համարում են ավարտված, խոսում են ինչ-որ տնտեսական ու քաղաքական «վաղվա» մասին,
անվտանգային հարցերը ստորադասված են բացառապես ներքաղաքական՝ իրենց իշխանությունը
պահելու խնդիրներին:
·
«Ալեքսանդարպոլով» որոշվում էին Հայաստանի Հանրապետության և
Թուրքիայի միջև սահմանները։ Հիմա ադրբեջանցիները GPS-ով Հայաստանի սահմաններ են գծում:
·
«Ալեքսանդարպոլով» Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի
գավառը: Հիմա Ադրբեջանին հանձնեցինք Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը, Հադրւթը, Շուշին:
·
«Ալեքսանդարպոլով» Նախիջևանը, այժմյան Արարատի և Վայոց ձորի մարզրեից
մի հսկայական կտոր ժամանակավորապես հայտարարվում էին Թուրքիայի հովանավորության
ներքո: Հիմա էլ Սյունիքից դիրքեր ենք զիջում, ճանապարհներ ենք թողնում Ադրբեջանի
հսկողության տակ, իսկ վաղը կամ մյուս օրը մեր առաջ դնելու են Տիգրանաշենի, Գեղարքունիքի
և Տավուշի մարզերի մի քանի բնակավայրերի հարցը:
·
«Ալեքսանդարպոլով» Հայաստանը զրկվում էր ընդհանուր զինապարտություն
մտցնելու և բանակ պահելու իրավունքից: Այսօր Հայաստանի իշխանությունների կողմից
խոչնդոտվում կամ դադարցվում է Արցախի տարածք վերադարձնել Հայաստանում գտնվող բանակային
հերթափոխը, արդեն լուրեր են շրջանառվում, որ պայմանագրային զինծառայողների
պայմանագրերը դադարեցվում են ու չեն շարունակվելու: Սա բառացիորեն զինված ուժերի
կրճատում է նշանակում:
·
«Ալեքսանդարպոլով» Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն
ցույց տալ Հայաստանին, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգի դեպքում: Հիմա էլ
թուրքերը խոսում են ինչ-որ 6 պետությունների դաշինքի մասին, որին ցանկության
դեպքում (եթե իրեն հնազանդ պահի) կարող է միանալ նաև Հայաստանը: Իսկ հենց
Հայաստանում հակակառավարական միտինգ է լինում, ադրբեջանցիները կամ մարդ են
առևանգում, կամ նոր գերիներ են վերցնում, կամ մի նոր բնակավայր են «սահմանագծում»,
այսինքն ապահովում են Նիկոլ Փաշինյանի կառավարության անվտանգությունը:
·
«Ալեքսանդարպոլով» Հայստանը պարտավորվում էր պետական կառավարումից
հեռացնել բոլոր այն անձանց, «որոնք հրահրում և հետապնդում են իմպերիալիստական
խնդիրներ...»: Այսինքն Հայաստանի կառավարությունում չպետք է լինեին մարդիկ, որոնք
ռեվանշ էին ցանկանում և չէին համակերպվում պարտության հետ: Հիմա Հայաստանում
դատում են նախկին նախագահին, բարձրաստիճան զինվորականների, աշխատանքից ազատել կամ
ազատում են բոլոր նրանց, ովքեր չեն համակերպվում Նիկոլ Փաշինյանի դավաճանական
քաղաքականությանը, այսինքն՝ Հայաստանի և Արցախի պարտությանը: Գրավեցին Սահմանադրական դատարանը:
·
«Ալեքսանդարպոլով» Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել
Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, դրանցով զորք ու զենք
տեղափոխել Բաքու: Հիմա Մեղրիով միջանցքն են ուզում, Արցախի շուրջ թուրքական
զորամիավորումներ են տեղակայում, վերակենդանացնում են Մեծ Թուրանի գաղափարը:
·
«Ալեքսանդարպոլով» նախատեսվում էր ազատ տարանցիկ առևտուր,
փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը, բայց խոսքը հիմնականում վերաբերվում
էր Հայաստանի իսլամադավան բնակչությանը: Այսօր Ալիևն ու Փաշինյանը խոսում են
Նախիջևանով Իրան և Ռուսաստան գնալու հնարավորությունների, հայերի, ադրբեջանցիների
և թուրքերի միջև առևտրի մասին: Ադրբեջանցիները վերադառնում են Շուշի, Քարվաճառ,
Քաշաթաղ, բայց հայերը չեն կարողանում վերադառնալ Հադրութ և Շուշի, առևանգվում են Լաչինի
միջանցքից և Սյունիքի ճանապարհներից:
Զուգահեռները, ինչպես տեսանք, շատ են, իսկ տարբերությունը մեկն է՝ Ալեքսանդրապոլի 1920 թվականի դեկտեմբերի 2-ի պայմանագիրը
Հայաստանի արդեն բոլշևիկներին անցած կառավարությունը չճանաչեց, իսկ այսօր
Հայաստանում մի իշխանություն և վարչապետ է, որը պատրաստ է ստորագրել ամեն ինչ և
դրան էլ գումարել «բանավոր ըմբռնումներ», միյան թե պահի իր աթոռն ու անձնական
անվտանգությունը: