Foto

Ղարաբաղում ռուս զինվորականները համակարգում են գործողությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ. Պեսկով

Ռուս խաղաղապահները և մարդասիրական առաքելությունը համաձայնեցնում են իրենց գործողությունները Լեռնային Ղարաբաղում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, ТАСС-ի փոխանցմամբ՝ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) գլխավոր չկա, կա երկու կողմ, երկու հակամարտող կողմերն են Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե ում հետ են ռուսաստանցի զինվորականները համակարգում իրենց գործողությունները:

Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը «ռուսական կողմի հետ համատեղ (կարգավորման վերաբերյալ) հայտարարություն են ստորագրել»:

«Եվ հետևյալ հայտարարության դրույթներին համապատասխան՝ Ռուսաստանի ռազմական, ինչպես նաև Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը, որը բաղկացած է ոչ միայն զինվորականներից, համակարգում են իրենց գործողությունները ադրբեջանցիների և հայերի հետ»,- ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը: