Նոյեմբերի 24-ին Երևանում, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային
հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական
կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի նախագահությամբ կայացավ
կլոր սեղան: Հանդիպման շրջանակներում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Հայաստանում,
Արցախում և սփյուռքում ստեղծված ետպատերազմյան իրավիճակի հետ, այդ թվում՝ ազգային արժանապատվության
և միասնականության վերականգնումը, ճգնաժամից դուրս գալու մեխանիզմները, զոհված և անհայտ
կորած զինծառայողների ընտանիքներին, վիրավորներին, հաշմանդամներին և փախստականներին
աջակցությունը, Պանդեմիայի հետևանքների մեղմացումը, Հայաստանի, միջազգային ոլորտում
արտաքին քաղաքական հստակ առաջնահերթությունների արձանագրմամբ,լիարժեք գործունեության
վերականգնումը:
Կլոր սեղանին մասնակցում էին գիտության, կրթության, մշակույթի,
քաղաքական-հասարակական գործիչներ, ճանաչված զորահրամանատարներ, դիվանագետներ, ստեղծված
իրավիճակով մտահոգ քաղաքացիներ:
Իր ելույթում Արա Աբրահամայանը նշեց, որ թեև մարտական գործողությունները
կանգնեցված են ստորագրված եռակողմ հայտարարությամբ, բայց պատերազմը դեռ չի ավարտվել՝
նոր, ավելի վտանգավոր և բախտորոշ փուլ է մտել:
Հանդիպման մասնակիցները վստահություն հայտնեցին, որ, չնայած առկա
ծանր իրավիճակին, երկրում տիրող քաոսին, հարկավոր է միավորել առկա հայրենամետ, մտավոր
և գործարար ներուժը, որը միշտ եղել է և այսօր էլ կա և վիճակի է համադրել առկա բոլոր
առաջարկները, ներկայացնել միասնական ճանապարհային քարտեզ, դրա փուլային իրականացման
ծրագրով:
Հանդիպման մասնակիցները Հայաստանի ապագան կապում են Հայաստանի և
Արցախի բացառապես էվոլյուցիոն և առաջընթաց զարգացմամբ:
Այդուհանդերձ ակնհայտ է, որ ներկա վիճակից դուրս գալու ստանդարտ
լուծումներ չկան: Դրանք պահանջում են Արցախի և Հայաստանի ետպատերազմյան կարգավորման,
հումանիտար գործունեության, կորոնավիրուսի դեմ պայքարի, ներքին և արտաքին քաղաքական
հարցերի անհապաղ փաթեթային լուծումներ՝ համազգային միասնականությամբ և սփյուռքի ներուժի
օգտագործմամբ:
Ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետը պետք է հրաժարական տա
և սահմանադրական ճանապարհով ընտրվի նոր վարչապետ և կոմպետենտ կառավարություն: Ճգնաժամային
հատվածում կառավարությունը կարող է ղեկավարել բացառապես այն առաջնորդը, ով ոչ միայն
կհայտարարի և կհիմնավորի ճանապարհային քարտեզը, այլև կներկայացնի դրա յուրաքանչյուր
կետի փուլային իրականացման ժամկետները (հնարավոր ձախողման դեպքում պատասխանատվություն
կրելով), այլև, որ հարկապես կարևոր է, իրագործման մեխանիզմները և ֆինանսավորման աղբյուրները:
Մեկ տարվա ընթացքում նոր կառավարությունը պետք է պատրաստի նոր խորհրդարանական
ընտրություններ: Այսուհետ հասարակություն մեջ տեղ չի ունենալու ատելությունն ու փոխադարձ
անվստահությունը, սևի ու սպիտակի կործանարար բաժանումը: Հասարակությունը ցանկանում
է բանիմաց և հայրենասեր առաջնորդ ունենալ, ով երկրի ներսում և նրա սահմաններից դուրս
մեծ հեղինակություն է վայելում, զերծ է կուսակցական և կլանային շահերից, ով անցած ճանապարհ
ունի: Մենք պարտվել ենք ճակատամարտում, բայց ոչ պատերազմում: Հաշվի առնելով վերջին
տասնամյակների դասերն ու ճիշտ եզրակացությունները, հատկապես արցախյան վերջին պատերազմի
առանձնահատկությունները, համախմբվելով ազգային առաջնորդի և կառավարության պոզիտիվ օրակարգի
շուրջ և համադրելով իրական գործերն ու գործողությունները՝ մենք վստահ ենք, որ կարող
ենք վերադարձնել սեփական ուժերի նկատմամբ մեր հավատը և վերածնել մեր հայրենիքը: