Արցախաադրբեջանական ողջ սահմանագծով
երկու օր ակնհայտ ձախողված պատերազմական գործողություններից հետո թշնամին կորցրել է
իրականության զգացողությունը: Այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը գնալով ավելի
է խորացնում իր անփառունակ վիճակը: Այսօր Ադրբեջանի զինուժն արդեն հարվածել է ՀՀ Վարդենիսի
զորամասին և մարտական դիրքերին, ԱԹՍ-ից Հայաստանի տարածքում քաղաքացիական ավտոբուս
է խոցել:
Ակնհայտ է, որ ադրբեջանական
կողմը, անցած օրերին կրած ծանրագույն կորուստներից հետո, դժվար թե համարձակվեր ճակատ
բացել Հայաստանի Հանրապետության հետ, մանավանդ երբ դեռ խելքը գլուխը չի բերել տավուշյան
պարտությունից: Սա խոսում է այն մասին, որ Թուրքիան հանգիստ չի թողնում կրտսեր եղբորն
ու հրահրում է առավել ներքաշվել պատերազմում, որպեսզի նահանջի տեղ չունենա, հնարավություն
չունենա ընդունել խախաղ բանակցությունների կամ զինադադարի առաջարկները, որ այս օրերին
անում է միջազգային հանրությունը:
Ադրբեջանը գիտակցում է, որ
Հայաստանի դեմ մարտական գործողությունների դեպքում գործ կունենա ՀԱՊԿ-ի հետ և այս դեպքում
դժվար թե դիվանագիտական նոտաներով պրծնի: Սակայն Ալիևն ու նրա հանցագործ ռեժիմն իր
քաղաքական լեգիտիմությունն ու ֆիզիկական գոյությունը պահելու այլ ճանապարհ չի գտնում,
քան մեղվի բույնը բզբզելը: Էրդողանն ու Ալիևն արդեն երկու օր սպասում են Պուտինի զանգին,
երևի խնդրելու բան ունեն, բայց Կրեմլից լռում են: Թուրքական տանդեմը ամեն ինչ անում
է այս հակամարտությունը լայն միջազգային մասնակցությամբ տարածաշրջանային հերթական թեժ
կետը դարձնել, որտեղ, ըստ գաղափարի, կոնկրետ Թուրքիային որոշակի դեր կհատկացվի: Այդպես
է եղել Իրաքում, Սիրաիյում և Լիբիայում, նույն բանն արվում է Կիպրոսի ափամերձ ջրերում:
Բայց այս անգամ դա չի հաջողվելու, որովհետև մեր բանակը հզոր է, մեր ժողովուրդը պատրաստ
է, մեր ոգին անկոտրում է: Իսկ Ադրբեջանը հաստատում է, որ կորցրել է իր փաստացի սուվերենությունն ու արդեն Թուրքիայի հնազանդ մանկլավիկ կցորդն է:
Շուտով դա կհասկանան նաև այդ երկրի քաղաքացիները:
Մենք չենք սկսել այս պատերազմը,
բայց մենք կավարտենք այն, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան կզգան մեր սապոգի ծանրությունը: