Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքի ղեկավար Մառլեն Մուղիեն ֆեյսբուքյան իր էջում վրդովված հրապարակում է արել՝ հայտնելով քաղաքում Արցախի դրոշը բարձրացնելու պատճառով ադրբեջանցիների կողմից իր հասցեին հնչեցված սպառնալիքների մասին:
Սկզբում Մուղիեն պատմական ակնարկ է կատարել՝ խոսելով 2014 թվականին Արցախի հետ բարիդրացիական կապեր ունենալու համար Ադրբեջանի «սև ցուցակում» ներառվելու, այնուհետև 2016 թվականին Շուշիի ժողովրդի հետ բարեկամական հարաբերություններին վերջ տալու մասին կարգադրություն ստանալու, Շուշիի հետ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված Բարեկամության հռչակագրի պայմանավորվածությունները չեղարկելու համար 2018 թվականին վարչական դատարանի առջև կանգնելու մասին:
Մուղիեն մատնանշել է, որ այսօր էլ իր հասցեին սպառնալիքներ են հնչում ոչ միայն ադրբեջանական բռնապետի կողմից, այլ նաև նրանց բարեկամ Թուրքիայի:
«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ, և դուք չեք որոշելու, թե ինչ օրենքներ կամ կարգեր կլինեն այստեղ»,-նկատել է քաղաքապետը:
Քաղաքապետը պատմել է, որ օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցի ներխուժել են քաղաքապետարան և պահանջել քույր քաղաքների դրոշների շարքից հեռացնել Արցախի դրոշը: Գործը հասել է անգամ նրան, որ Փարիզում Ադրբեջանի դեսպանը զանգահարել է Մուղիենի տեղակալին և դրոշը հեռացնելու համար կրկին սպառնալիքներ հնչեցրել:
«Որևէ մեկը չի կարող մեր փոխարեն որոշել` ում հետ կարող ենք շփվել և ում հետ՝ ոչ։ Ադրբեջանը, Ալիևն ու նրա դաշնակիցները պետք է հասկանան, որ բարեկամությունը չի կարող զրոյացվել կամ չեղարկվել, մեր ժողովուրդը հարգում ու գնահատում է Շուշիի և ընդանուր Արցախի բնակչությանը»,– հրապարակման մեջ նշել է քաղաքապետը։
Մուղիեն նաև հավելել է, որ Բուրգ լե Վալանսում Արցախի դրոշը խորհրդանշում է բարեկամություն մի ժողովրդի հետ, որին Ադրբեջանն ամեն օր սպառնում է ոչնչացնել՝ ամբողջ աշխարհին ապացուցելով, որ իր միակ նպատակն է ավարտին հասցնել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի երեկվա կատարողներն այսօր իրենց դաշնակիցներն են։
Աղբյուրը՝ Tert.am