Foto

Րաֆֆի Քասսարջյանը նշանակվել է ԱՏՁՄ նոր գործադիր տնօրեն

2020 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նիստը, որի օրակարգային հարցը միության նոր գործադիր տնօրենի ընտրությունն էր: Մրցակցային պայմաններում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, որոնց ընթացքում թեկնածուները ներկայացրին ԱՏՁՄ զարգացման իրենց տեսլականներն ու ծրագրային դրույթները,  միության գործադիր տնօրենի պաշտոնն ստանձնեց Րաֆֆի Քասսարջյանը:

«Րաֆֆի Քասսարջյանը, հենվելով ՏՀՏ ոլորտում ունեցած իր բազմամյա փորձի ու ԱՏՁՄ արժեքներին քաջածանոթ լինելու հանգամանքի վրա, հաջողությամբ կյանքի կկոչի միության զարգացման իր տեսլականը։ Նա, վստահաբար, կամրապնդի ու նոր հաջողություններ կարձանագրի այն նախագծերում, որոնք այս տարիների ընթացքում իրականացնում է միությունը՝ հիմքում ունենալով Կարեն Վարդանյանի թողած նշանակալի ժառանգությունն ու ԱՏՁՄ ավանդույթները», - նշեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Ր. Քասսարջյանը Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ է. ունի միջազգային հարաբերություններում բակալավրի և բիզնես ադմինիստրացիայի ոլորտում մագիստրոսի աստիճաններ։ Աշխատել է մի շարք ամերիկյան ու հայկական ընկերություններում՝ ձեռք բերելով ապրանքային կառավարման, ռազմավարական նախագծման ու գործադիր կառավարման փորձ։ Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «DASAR, INC» (Պալո Ալտո), «ARAGAST B Software» (Երևան), «ACCENTURE» (Սան Ֆրանցիսկո), «FAIR ISAAC CORPORATION» (Սան Ռաֆայել), «ICON COMMUNICATIONS» (Երևան), «CONVERSE BANK/CORPORACION AMERICA» (Երևան), «MONITIS INC/TEAMVIEWER ARMENIA» (Երևան) ընկերություններում՝ նպաստելով վերջիններիս առաջընթացին։ 2020 թվականի փետրվարին հիմնել է «SENSYAN LLC» խորհրդատվական ընկերությունը։  Ամբողջական CV-ին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։