Foto

Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկում է նախաձեռնել ուղևորափոխադրումների միասնական կանոնի շուրջ

Հայաստանի կառավարությունը ԵԱՏՄ հարթակում քննարկումներ է նախաձեռնել Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ այս փուլում ուղևորափոխադրումների միասնական կանոն հաստատելու ուղղությամբ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում մեր շատ հայրենակիցներ երկար տարիներ արտագնա աշխատանքի են մեկնում հատկապես Ռուսաստանի Դաշնություն։ Եվ պարբերաբար այս թեման բարձրանում է։ Բայց պետք է արձանագրել հետևյալը, որ ըստ էության, այո, սա ճգնաժամ է, համաճարակային իրավիճակ է, և երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ միայն Հայաստանում է, որ այսպիսի իրավիճակ է։ Բայց այդպես չէ, այսօր ԱՊՀ երկրների միջև ընդհանրապես շրջանառությունը փակ է՝ դեպի Ռուսաստան և իրար մեջ նույնպես։ Եվ ընդհանրապես, եթե ՌԴ մասին խոսենք, գերթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը։ Կան որոշ բացառություններ։ Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ համաճարակային վերաբերյալ իրավիճակն ու ընկալումները հնարավորություն են տալիս, որ մենք ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնենք այս հարցը և փորձենք հասկանալ, թե ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից և ինչ ժամանակացույցով ենք դուրս գալու։ Եվ մենք արդեն նման քննարկում նախաձեռնել ենք ԵԱՏՄ ֆորմատով»,- ասաց Փաշինյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ հարցը ԵԱՏՄ հարթակում արդեն պաշտոնապես է բարձրացվել, որպեսզի ուղևորափոխադրումների միասնական կանոն և կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատեն և աշխատեն միասնական կանոնով։

«Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են այդ քննարկմանը, և առնվազն մենք ի վիճակի կլինենք միասնական կանոն սահմանելու։ Եվ եթե նույնիսկ հնարավորություն չլինի շատ մոտ ժամանակներում բացել կանոնավոր փոխադրումները, ապա առնվազն փոխադրումների ստանդարտի միասնական սահմանում կունենանք մոտ ժամանակներում, և հարցի մեջ կմտնի պարզություն։ Այսինքն՝ հարցը կտեղափոխենք ԵԱՏՄ կանոնակարգումների դաշտ, որպեսզի ավելի պարզ ու միասնական լինի»,- ասաց Մհեր Գրիգորյանը։