Ալկոհոլային թունավորումից երկու
օրում հանրապետությունում 11 մարդ է մահացել: Իմ հիշողության մեջ Հայաստանում նման
զանգվածային ալկոհոլային թունավորման դեպք չի տպավորվել: Բնականաբար հարց է առաջանում՝
ո՞ւր է նայում տեսչական մարմինը, ի՞նչ հրատապ միջոցառումներ են իրականացվել: Այս իրավիճակում, երբ վտանգավոր է դառնում խանութից սնվելը, պատկան մարմինները
նույնիսկ չեն բարձրաձայնում, թե ինչ տեսակի ալկոհոլային խմիչքից է տեղի ունեցել թունավորումը,
արդյո՞ք այն ընդհանրապես հայտնաբերվել ու խանութներից առգրավվել է: Պատասխանը բոլորիս աչքի առաջ է: Ամեն օր սննդի անվտանգության
պետական տեսչությունը տեղեկատվություն է հրապարակում, թե քանի սննդի կամ առևտրի օբյեկտ
են այցելել իրենց տեսուչները և արտակարգ դրության և կարանտինի կանոնները չպահպանելու
քանի դեպք են արձանագրել, քանի օբյետ են փակել: Քավ
լիցի, չեմ բացառում, որ սննդամթերքի որակ էլ են ստուգում, բայց քանի որ «դիմակ-ձեռնոց-ալկոգել» օպերացիան ամբողջ
կառավարման համակարգի թիվ մեկ օրակարգն է, ունենք այն՝ ինչ ունենք:
Իրականում նմանատիպ իրավիճակ է բոլոր տեսչական
մարմիններում: Եթե մեր տեսչական կառույցներն իրենց ոլորտներում կոնկրետ անելիք չունենային,
դժվար թե ժամանակին ստեղծվեին և հսկայական գումարներ ծախսվեին: Հիմա նրանց աշխատակիցներն,
իրենց բուն գործառույթները թողած, զբաղված են դիմակ չկրելու համար քաղաքացիներին տուգանելով:
Նրանք մասնավոր զրույցներում տրտնջում են, որ «դիմակաորսի» պատճառով չեն հասցնում իրենց մասնագիտական գործունեությունը կատարել:
Այսօր վաճառքի կետերում հայտնվել է թունավոր ալկոհոլային խմիչք, որն արդեն 11 մարդու
կյանք է տարել: Վաղը կարող է պարզվել, որ ինչ-որ տեղ բնապահպանական աղետ է կամ որսագողություն
է կատարվում, մեկ այլ դեպքում խախտվել է քաղաքացու աշխատանքային իրավունքը և այլն:
Բայց, քանի որ դրանից կոնկրետ մարդ չի մահացել, չի բացառվում, որ կքողարկվի, կներկայացվի
որպես շարքային երևույթ, որի դեմ քրտնաջան պայքարում են:
Ցավում եմ մահացածների համար: