Foto

Ինչ են խոսել Լավրովը, Տողանյանն ու Բյուլբյուլօղլուն. Armeniasputnik.am

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, թե Ադրբեջանի դեսպանի հետ Լավրովի առանձնատանը կայացած աշխատանքային ճաշի ժամանակ ինչ հարցվեր են քննարկվել։
Հայտնել էինք, որ Լավրովն ԱԳՆ ընդունելությունների տանն աշխատանքային ճաշ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների` Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։

«Հանդիպման ժամանակ երկու կողմերս էլ Լավրովին ներկայացրինք հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Լավրովն էլ ներկայացրեց իր տեսլականը և ցանկությունը` ունենալ խաղաղ և առանց բաժանարար գծերի կայուն իրավիճակ Հարավային Կովկասում։ Նրա ցանկությունն է, որ կողմերը դադարեցնեն կրակը և շուտափույթ անցնեն խաղաղ գոյակցությանը»,–ասաց Տողանյանը։

Նրա խոսքով` Լավրովը տիրապետում է հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվությանը, քանի որ օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել նրա հետ` ներկայացնելով իրավիճակը։ Ուստի, դեսպանների հետ հանդիպման ժամանակ մանրամասներ օպերատիվ իրավիճակի մասին չեն քննարկել։

Տողանյանի մեկնաբանմամբ` ՌԴ արտգործնախարարի հետ ոչ թե քննարկում են ունեցել, այլ կարծիքների փոխանակում։

Հարցին, թե հանդիպման ժամանակ արդյո՞ք որևէ պայմանավորվածություն է ձեռք բերվել, Տողանյանը պատասխանեց, թե քանի որ այն ուղղակի աշխատանքային նախաճաշ էր, որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին խոսք չի եղել։

Նկատառմանը, թե Բյուլբյուլօղլուն հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ ռազմատենչ կոչեր էր արել և արդյո՞ք Լավրովի հետ հանդիպման ժամանակ էլ նման քայլի է դիմել` Տողանյանն արձագանքեց` նման կարծիքներ հայտնելու խնդիր չի եղել։

«Ադրբեջանի դեսպանի հայտարարությունները հրապարակայնություն ձեռք բերելու համար էին արվում, իսկ Լավրովի հետ հանդիպման ժամանակ միայն կարծիքներ են հնչել։ Դա տեղ չէր, որպեսզի Բյուլբյուլօղլուն ռազմատենչ հայտարարություններ հնչեցնի»,–իր խոսքն ամփոփեց Տողանյանը։

Աղբյուր՝ Armeniasputnik.am