ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 93712 արձանագրություն, իսկ հուլիսի 12-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3013 դեպք։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները: