Հայաստանը այս օրերին հիշեցնում է ՊՊԾ գնդի գրավման օրերը: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ ոստիկանությունը մոլեգնում է փողոցներում: Արդեն որերորդ դեպքն է, որ քաղաքացիներին փողոցում տուգանում են բոլորովին անհիմն, որպես հիմնավորում ներկայացնելով «մենք տեսանք, որ դուք…» բառերը: 2018 թվականի ապրիլյան «թավշյա» իրադարձություններից հետո ոստիկանների դեմքին ժպիտ էր վերադարձել, որովհետև այս փոքրիկ երկրում ստիպված չէին, սաղավարտի ու վահանի ետևում թաքնված, բերման ենթարկել իրենց ծանոթ-բարեկամին, ուժ կիրառել կանանց ու ծերերի նկատմամբ: Բայց «նոր» իշխանությունը նրանց շանս չի տալիս «միլիցուց» ոստիկան դառնալ: Նույնիսկ լուրեր են պտտվում, որ ոստիկանության վրա տուգանքի արձանագրություն կազմելու պլան է դրված, իսկ մի քանի դեպքերում իրենք՝ ոստիկաններն են խոստովանել, որ եթե արդեն կանգնեցրել են, ապա պետք է արձանագրություն կազմեն: Դա իշխանություններին ոչ թե պետք է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, այլ բնակչության մեջ իր կորցրած հեղինակությունը կոմպենսացնելու, ուժը և ոստիկանական մեթոդները իշխանության ձեռագիր դարձնելու նպատակով: Համաճարակի դեմ պայքարը սահմանափակվել է բացառապես դիմակ պարտադրելու քաղաքականությամբև դրանից բխող պատժիչ սանկցիաների շրջանակներում: Գողը ամպոտ գիշեր է ընտրում, որ իր չարագործությունը կատարի: Մեր իշխանությունների «ամպոտ գիշերն» էլ անիմաստ արտակարգ դրությունն է, որ անընդհատ երկարացվում է, ոչ մի էական դրական արդյունք չտալով: Համատարած սոցիալ տնտեսական դժգոհությունների պայմաններում ամեն օր մի նոր հակապետական կամ հակաժողովրդական օրենք են ընդունում, ամեն անպատեհ պատրվակով աղքատացած քաղաքացիներին տուգանում են, դրա հաշվին կոմպենսացնելով նետված մի քնի կոպեկ «օգնությունները»: Այլ՝ ավելի բացատրելի պատճառ արդեն գոյություն չունի այս «բեսպրեդելին»: Առանց այդ էլ ատելությամբ ու մաղձով գերհագեցած մթնոլորտում սա կարող է դանդաղ ռումբի էֆեկտ ունենալ, որի փլատակների տակ բոլորս ենք մնալու: Իշխանությունը բացահայտ ցույց է տալիս, որ իր միակ հենարանը մնացել է ոստիկանությունը, որի նույնիսկ աշխատավարձերը շուտով չի կարողանալու վճարել: Ի՞նչ է ստացվում՝ ոստիկանությունն անցել է ինքնածախսածածկմա՞ն: