Հենրիխ Մխիթարյանը կիրակի երեկոյան գոլի հեղինակ դարձավ Իտալիայի առաջնության «Նապոլիի» հետ խաղում, սակայն դա բավարար չեղավ հաղթանակ տանելու համար, «Ռոման» պարտվեց 2:1 հաշվով:
Պաուլու Ֆոնսեկայի թիմը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ա սերիայում:
Խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագը կիսվել է տպավորություններով։
«Կարծում եմ, որ այսօր ավելի լավ խաղացինք, քան վերջին խաղերում։ Պարտվեցինք, բայց չեմ կարծում, որ արժանի էինք դրան։ Իսկապես շատ էինք փորձում, անում էինք ամեն հնարավորը գոլ բաց թողնելուց հետո խաղ վերադառնալու համար։
Ես հավասարեցրի հաշիվը, ու պահեր ունեցանք հաշվի մեջ առաջ անցնելու, բայց կարծում եմ, որ Ինսինյեի գոլի դրվագում մեզ չբավարարեց կենտրոնացումը։ Չնայած վերջին 3 խաղերում պարտվել ենք, բայց շատ ենք աշխատում առաջին հաղթանակը տանելու համար, այդ կերպ վստահություն ձեռք կբերենք մրցաշրջանի մյուս հատվածի համար։
Ինձ թվում է, որ պետք ավելի շատ աշխատենք հոգեբանության վրա։ Պետք է հանգստություն պահպանենք։ Դեռ 8 հանդիպում ունենք, ու ամեն ինչ մեր ձեռքերում է, քանի որ եթե հաղթենք մի քանի խաղում, կվերադառնանք հաղթական ճանապարհին, և հուսով եմ, որ դա մեզ կհաջողվի:
Ես տեսնում եմ, որ թիմը ներուժ ունի։ Սրանք պարզապես խոսքեր չեն, մենք հավասարակշռված թիմ ունենք։ Պարզապես հաղթանակի կարիք կա։
Նման պահերին դու հասկանում ես՝ թիմը թի՞մ է, թե՞ ոչ։ Ես վստահ եմ, որ մենք թիմ ենք, քանի որ մենք համախմբվել ենք, փորձում ենք օգնել միմյանց, չնայած բարդ պահ է, հետո կտեսնենք, որ ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ ճիշտ ենք անում, ու վստահ եմ, որ առաջիկա խաղերում, եթե հոգեբանորեն ուժեղ լինենք, կհաղթենք ու կապացուցենք ինքներս մեզ։
Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում, քանի որ մրցաշրջանի վերսկսումից հետո մասնակցել եմ բոլոր հանդիպումներին։
Իհարկե, որոշակի ռոտացիաներ եղել են, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր թիմ միայն փորձառու ֆուտբոլիստներից չէ, որ կախված է։ Քեզ պետք է խառնուրդ՝ փորձառու ֆուտբոլիստներ, ուժեղ ֆուտբոլիստներ, երիտասարդ ֆուտբոլիստներ, խելացի ֆուտբոլիստներ։ Վստահ եմ՝ մարզիչը շատ լավ գիտի՝ ինչպես թիմ ընտրել։
Ես այստեղ եմ՝ թիմին օգնելու համար, և վստահ եմ, որ բոլոր փորձառու խաղացողները այստեղ են՝ երիտասարդներին ու մյուսներին օգնելու համար, ու մենք դա կանենք։ Մենք համախմբված թիմ ենք ու պետք է դուրս գանք այս իրավիճակից։ Վստահ եմ, որ այդպես էլ անելու ենք»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է «Ռոմայի» պաշտոնական կայքը։