Foto

Արցախում կխստացվեն միջոցառումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացի շրջանակներում վերջին մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքների համառոտ նկարագիրը ներկայացրել է պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նախագահը լսել է նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի զեկույցը, որն ընդգրկում էր կորոնավիրուսային հիվանդացության միջազգային, հայաստանյան ու արցախյան վիճակագրությունն ու առողջապահության նախարարության  կողմից իրականացվող աշխատանքերի ամփոփ նկարագիրը:

Արայիկ Բաղրյանը մանրամասներ է ներկայացրել Ստեփանակերտում և շրջաններում նոր օջախների առաջացման պատճառների ու հետևանքների վերաբերյալ, կարևորել պոլիմերազային շղթայական լաբորատորիայի աշխատանքը:

Հանրապետության նախագահն անդրադարձել է բուժհաստատություններում արձանագրված համավարակի վերջին դեպքերին՝ պատասխանատուներից պահանջելով դիմել խիստ միջոցների՝ դրանք հետագայում բացառելու կամ հնարավորինս նվազեցնելու նպատակով: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է առավելագույն խստություն ցուցաբերել առաջին հերթին պետական համակարգում ընդգրկված բոլոր աշխատողների և տնտեսվարողների նկատմամբ, ովքեր պատշաճ չեն կատարում պարետի համապատասխան որոշումներն ու ցուցումները: