Foto

Ինչո՞ւ էր պետք երկարաձգել արտակարգ դրությունը

Հայաստանի Հանրապետությունն արդեն երրորդ ամիսն է՝ գտնվում է արտակարգ դրության պայմաններում: Այն հայտարարվեց կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու, երկրի քաղաքացիների առողջությանը սպառնացող վտանգը հնարավորինս չեզոքացնելու նպատակով: Այն ինչ կատարվեց նախորդ երկու ամիսների ընթացքում, դժվար է դրական գնահատել՝ վարակման դեպքերը հասել են օրական մի քանի հարյուրի, վարակի աղբյուրները չհաջողվեց լոկալիզացնել, առողջապահական համակարգը գործում է հնարավորությունների եզրին, տնտեսությունը կոլապսի շեմին է, սոցիալակն լարվածությունը հասել է գագաթնակետին: Այս պայմաններում կառավարությունը որոշեց բացել տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, որպեսզի փրկի տնտեսական իրավիճակը, բայց մի շարք ոլորտներ դեռ շարունակում են փակ մնալ: Մասնավորապես ռեստորանային շոու բիզնեսի ներկայացուցիչները բողոքի գործողություն են իրականացնում կառավարության առջև՝ պահանջելով թույլատրել իրենց գործունեությունը: Խոսքը հանդիսավարների, երգիչ-երաժիշտների, նկարահանողների և այդ բնագավառում գործունեություն իրականացնող մյուս մասնագետների մասին է, ովքեր արդեն մի քանի ամիս զրկված են աշխատանքի և վաստակելու հնարավորությունից: Նրանք արդարացիորեն փաստում են, որ հանրային տրանսպորտում միասին երթևեկելը թույլատրված է, ռեստորանները գործում են, բայց այդ ռեստորաններում հանդիսավարներն աշխատել դեռ չեն կարող, նկարահանումներ անել չեն կարող և այլ: Նույն պատկերն են նկարագրում նաև խաղատների աշխատակիցները՝ հյուրանոցները գործում են, ներքին տուրիզմը վերսկսում է թափ հավաքել, բայց խաղատները, որտեղ սոցիալական հեռավորության  ու սանիտարական պատշաճ պայմանների ապահովումն առավել իրատեսական է, քան շատ այլ հասարակական վայրերում, շարունակում են փակ մնալ:

Բայց մարդիկ նաև հասկանում են, որ նոր Հայաստանում միայն զանգվածային բողոքի ցույցերով կարելի է խնդիրների մասին բարձրաձայնել, որովհետև, նրանց կարծիքով, կառավարության և պարետատան որոշումներում հաճախ բացակայում է տրամաբանությունը, ակնառու է բիզնեսի որոշակի ճյուղերի միջև տարբերակված մոտեցումը: Սա միակ դեպքը չէ, որ, սոցիալական ծանր դրությունից դրդված, քաղաքացիները դիմում են բողոքի այս ձևին: Օրեր առաջ Կենտրոնական բանկի մոտ էլ էր զանգվածային բողոքի ցույց, շատ հավանական է, որ վաղն էլ մի նոր խումբ հանրահավաք կամ ցուց կազմակերպի: Չի բացառվում, որ, արտակարգ դրության ռեժիմից կաշկանդված, այսօր այլ խմբեր էլ բողոքի դուրս գային, բայց հավաքներն արգելված են, ակտիվիստներին բերման են ենթարկում ոստիկանության բաժիններ և այլն:

Գուցե սա՞ է պատճառը, որ սահմանափակումների մեծ մասը վերացվեց, բայց արտակարգ դրությունը շարունակում է մնալ: Հայաստանի քաղաքացիները պետք է սովորեն ապրել ոչ միայն կորոնավիրուսի, այլև արտակարգ դրությա՞ն հետ համատեղ:


Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան