Foto

Հայաստանում ավտոբուսների հայ-կորեական համատեղ արտադրություն կսկսվի

Հայաստանում կհիմնվի Եվրասիական տնտեսական միության շուկայի սպառման համար նախատեսված ավտոբուսների արտադրություն՝ կորեական «Յանգսան» (Youngsan) ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի համատեղ ծրագրի շրջանակում: Ներդրումային նոր ծրագրի արժեքը գնահատվում է 4.4 մլն դոլար:
«Արմենպրես»-ն այս թեմայով խոսել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանի հետ:
«Հիմնվելու է ավտոբուսների հավաքման կենտրոն: Ավտոբուսները նախատեսված են լինելու Եվրասիական տնտեսական միության շուկայի համար: Շատ կոնկրետ թիրախավորում կա: Հայաստանը դառնում է հարմարավետ երկիր միջազգային ձեռնարկությունների համար: Նրանք միակը չեն, ում հետ քննարկումներ են ծավալվում՝ նպատակ ունենալով Հայաստանը օգտագործել որպես արտադրական հաբ՝ ԵԱՏՄ երկրներ արտադրանք վաճառելու համար»,-ասաց Փափազյանը:
Կորեական ընկերության կողմից նախաձեռնությունը եղել է դեռ նախորդ տարվանից: