Foto

Բանակում սնունդ մատուցող կազմակերպություններին կանխավճար կտրվի

Գործադիրն այսօր որոշում կայացրեց, որի համաձայն զինված ուժերի սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացը կիրականացվի կանխավճար տրամադրելու միջոցով:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ կանխավճարի մարումն իրականացվելու է ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից 10%-ի չափով նվազեցնելու միջոցով. «Որոշման ընդունումը պայմանավորված է սննդի մատուցման պայմանագրերով նախատեսված եւ կազմակերպությունների կողմից ծառայությունների ապահովման նպատակով այլ ծախսերի կատարման պատճառով կազմակերպությունների մոտ առկա ֆինանսական բնույթի, ինչպես նաեւ կորոնավիրուսի համաճարակից բխող սահմանափակումների հետ կապված դժվարությունները հաղթահարելու հանգամանքով»,-ասաց Դավիթ Տոնոյանը հավելելով, որ կորոնավիրուսային իրավիճակը 5-6 այսպիսի կազմակերպության համար ծանր պայմաններ է ստեղծել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց ծնողը տղային բանակ ուղարկելուց հետո չպետք է ստիպված լինի հոգ տանել, որ որակյալ սնունդ ուղարկի նրան:

Վարչապետի խոսքով այն զորամասերում, որտեղ այս համակարգը ներդրվել է, սննդի որակն էական փոփոխությունների է ենթարկվել. «Երբ սկզբնական շրջանում այս նախագծի ներդրման նպատակահարմությունն էինք քննարկում, բոլորս գիտեինք, որ մտնում ենք մութ անտառ, որտեղ շատ պարամետրեր ի սկզբանե հայտնի չեն, կանխատեսելի չեն: Մենք ըստ էության պետք է զրոյից ստեղծեինք գոյություն չունեցող համակարգ»,-ասաց վարչապետը: