Foto

Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացողները կարող են օգտվել Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթից

Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել «Բելավիա» ընկերության՝ մարտի 29-ին նախատեսված Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ մարտի 27-ից արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև չվերթները դեպի Ամստերդամ և Երևան։

Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել մարտի 29-ին նախատեսված «Բելավիա» ընկերության Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթից։ Տոմսերը կարող եք ամրագրել ավիաընկերության կայքում ՝ belavia.by ։ Դեսպանությունը կապի մեջ է «Բելավիա» ընկերության ներկայացուցչության հետ և պատրաստ է աջակցել տեղեր ամրագրելու հարցում՝ դրանց առկայության պարագայում»,- նշված է հաղորդագրության մեջ։